«Այն, ինչ Ռուսաստանը ցանկանում էր ստանալ՝ տապալելով Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ստացավ»
Նախօրեին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Թեև այցը տեղի է ունենում բավականին հագեցած ժամանակահատվածում, երբ Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո «եռում» է Ղարաբաղյան կաթսան, երբ Սոչիում ամփոփվում են Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքները, երբ սպասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան` Անթալիա-Բաքու-Երևան, և, երբ նոյեմբերին սպասվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ՀՀ նախագահի այցի օրակարգը հետևյալն է.
«Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին»: Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը չի շրջանցելու վերոնշյալ թեմաներից և ոչ մեկը՝ հաշվի առնելով թեմաների կարևորությունը ռուսական կողմի համար:
«168 Ժամի» հետ զրույցում լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ այցը մասամբ է վերաբերելու ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Ինչպես փորձագիտական հանրության մի ստվար հատվածը, այնպես էլ՝ լեհ վերլուծաբանը գտնում է, որ Սարգսյան-Պուտին օրակարգի ամենաթույլ հարցը ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերություններն են, քանի որ կա ԼՂ հակամարտության հարցը, որն այսօր քննարկվում է մի քանի շերտերում՝ լուրջ անհանգստության առիթ դառնալով նաև Ռուսաստանի համար:
«Ես Ղարաբաղյան հակամարտության հարցով մասնագիտացած վերլուծաբան չեմ, բայց կարող եմ կիսել իմ մտքերն այդ առնչությամբ: Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել նրանց հետ համատեղ:
Չնայած այս ամենին, Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձում է ստեղծել մի այնպիսի գործընթաց, որին դեմ են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համարյա թե բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը:
Սակայն դժվարություն է առաջանում, երբ Էրդողանը փորձում է Պուտինի հետ բանակցություններում արծարծել ԼՂ հակամարտության հարցը՝ փորձելով միջամտել և Ադրբեջանի շահերն առաջ բերել: Սա հակասում է Ռուսաստանի հարավկովկասյան շահերին:
Ուստի վստահ կարող եմ ասել, որ Էրդողանը մերժվել է, սակայն՝ ոչ կոպտորեն: Ամենայն հավանականությամբ, Էրդողանը որոշ հավաստիացումներ է ստացել, որ ռուսական կողմը կզբաղվի ԼՂ հակամարտության կարգավորմամբ էլ ավելի ակտիվ, այդ պատճառով էլ Լավրովն ուղարկվում է տարածաշրջան ակտիվ գործընթացի իմիտացիայի նպատակով»,- նման տեսակետ հայտնեց եվրոպացի վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող տրվել թուրքական սցենարներին, քանի որ դրանով, ի թիվս այլ խնդիրների, կկորցնի նաև Հայաստանը՝ որպես նվիրված գործընկեր երկիր:
«Նշեցի մի քանի շերտերով, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը շարունակում է շփումները նախարարների մակարդակներով՝ փորձելով հանդիպումներ կազմակերպել, բարձրացնել կողմերի միջև վստահության մակարդակը, և կան Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը՝ բանակցությունները տանել բոլորովին այլ ուղով: Առնվազն երկու շերտ, եթե չխոսենք մյուս խաղացողների շահերի և քայլերի մասին»,- ասաց փորձագետը: Սակայն, նրա համոզմամբ, այն, ինչ տեղի ունենա առաջին շերտի շփումներում, իմիտացիա է լինելու, քանի որ այդ ֆորմատով բանակցությունները Ռուսաստանին ձեռնտու չեն: Այստեղ, ըստ Զաշտովտի՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը կանխազգալով այդ ծրագրերը՝ սկսում է վերաշարադրել իր պահանջները, փորձելով օրակարգ բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:
«Պարզ է, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով որոշակի աշխատանքներից հետո այս պրոցեսը կրկին կնսեմացվի, և կշարունակվի Մինսկի գործընթացը՝ առանց էական անակնկալների ու բեկումների»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա, եվրոպացի փորձագետի համոզմամբ, ամեն բան որոշված է նախապես:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի այցը չի վերաբերում համաձայնագրի ստորագրմանը, քանի որ համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է, և հիմարություն կլինի այն չստորագրելը: Նրա որակմամբ՝ միջազգային հարաբերություններում նման սխալները ճակատագրական կարող են լինել: Սակայն, Զաշտովտի կարծիքով, Ռուսաստանը դեմ չէ ցույց տալ ԵՄ-ին, որ իր ռազմավարական գործընկերը մինչ Արևելյան գործընկերության գագաթաժողովը մեկնում է Ռուսաստան՝ խորհրդակցությունների:
«Այն, ինչ Ռուսաստանը ցանկանում էր ստանալ՝ տապալելով Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ստացավ, Հայաստանն այլևս ասոցիացման գործընթացի մի մասնիկը չէ, Հայաստանը թարմացնում է իր նախկին համաձայնագիրը, դա հասկանում են թե՛ Բրյուսելը, թե՛ Մոսկվան:
Հայաստանի ասոցիացման դուռը փակ է այլևս, թեև Հայաստանում շատ են խոսում, որ մի օր Հայաստանը կարող է ասոցիացվել ԵՄ-ին, սակայն ԵՄ-ի հետ ասոցիացումը մի գլոբալ գործընթաց է, այն, ինչպես 2013-ին, այնպես էլ՝ այսօր կամ ապագայում չի կարող տեղի ունենալ մասնակի, կիսատ»,- ասաց Զաշտովտը` վստահեցնելով, որ ՀՀ նախագահի Մոսկվա այցից հետո կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
«168 Ժամի» տեղեկություններով՝ ԵՄ-ում ավարտին են մոտենում
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:
Ըստ մեր աղբյուրների՝ Եվրոպական հանձնաժողովում լծվել են Արևելյան գործընկերության Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի կազմակերպման աշխատանքներին: Մեր տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ում մեծ ցանկություն կա ստորագրել համաձայնագիրը հենց Բրյուսելում կայանալիք միջոցառմանը, սակայն որոշ մտահոգություններ կան: «Նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու ԵՄ-ի ծրագրերից մեկի՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, բայց քանի որ այն տեղի է ունենալու Բրյուսելում, որը ԵՄ-ի մայրաքաղաքն է համարվում, գագաթաժողովը շատ ավելի բարձր կարևորություն է ստանում:
Մյուս հանգամանքն այն է, որ ստորագրվող փաստաթուղթն այնքան էլ չի վերաբերում Արևելյան գործընկերությանը, այն երկկողմ փաստաթուղթ է, ոչ թե ԱլԳ ծրագրով նախատեսվող համաձայնագիր, ուստի համաձայնագրի ստորագրումը հենց գագաթաժողովի շրջանակում այնքան էլ նպատակահարմար չէ: Պակաս կարևոր չէ նաև այն, որ ԵՄ-ն չի ցանկանում ավելորդ աղմուկ այս համաձայնագրի ստորագրման շուրջ: Այնպես որ, եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է գագաթաժողովին, հնարավոր է, որ գագաթաժողովից հետո, օրինակ՝ մեկ-երկու օր հետո, կազմակերպվի համաձայնագրի ստորագրումը, բայց այդ ամենը պետք է կազմակերպել, քանի որ և՛ ՀՀ նախագահի, և ՛Եվրոպական հանձնաժողովի օրակարգերը չափազանց հագեցած են, և դժվար է նախագահին խնդրել սպասել Բրյուսելում մի քանի օր: Այս ամենը կազմակերպման փուլում է»,- ասաց մեր եվրոպական աղբյուրը:
Այնուամենայնիվ, մեր տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ում տրամադրված են համաձայնագիրը ստորագրել հնարավորինս շուտ, որի համար ներկայումս փորձում են լուծում գտնել բոլոր հարցերին:
Մեր հարցին, թե ինչպիսի՞ ձևակերպումներ ներառված կլինեն ԼՂ հակամարտության վերաբերյալ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ աշխատանքները ևս ընթացքի մեջ են: Սակայն նա հարկ համարեց նշել, որ այն ձևակերպումները, որոնք միշտ են ներառվում այդ հռչակագրերում ԼՂ հակամարտության վերաբերյալ, Ադրբեջանի դիվանագիտական շնորհքը չեն:
«Ղարաբաղի վերաբերյալ նախկին ձևակերպումները մեծապես Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Վրաստան և Ռուսաստան-Մոլդովա հարաբերություններում առկա խնդիրների, տարածքային հակամարտությունների հարթությունում պետք է դիտարկել: Ադրբեջանը ոչինչ չի արել, արել են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը»,- ասաց մեր զրուցակիցը: