Բաժիններ՝

«Եթե դուք գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ զգում է շարքային հայ քաղաքացին…». Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց 5 պատճառ, թե ինչո՞ւ պետք է դեմ քվեարկել այս նախագծին:

«Պատճառ առաջին՝ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում: Սա բացարձակ անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը: Ի դեպ, ուզում եմ ցիտել վարչապետին. «Գնաճին դիմակայելու համար մենք պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ»:

Պարոն վարչապետն այստեղ չէ, թե չէ ես նրան կասեի՝ գնաճը սեղմելու միակ բարենպաստ պայմանը նպաստները, թոշակները և նվազագույն աշխատավարձերը բարձրացնելն է, ինչն այս բյուջեով չի արվում: Եթե այստեղ լիներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, կհարցնեի՝ ի՞նչ է կատարվում տարբեր սոցիալական ծառայություններում, ինչի մասին ահազանգում են մեր քաղաքացիները, որ թոշակառուներին ստիպում են խնդրագրեր գրել, որ իրենց կենսաթոշակները վերահաշվարկ, վերագանձում անեն, որովհետև ինչ-որ մի ժամանակ ստաժը սխալ է հաշվարկվել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Բյուջեի նախագծին դեմ քվեարկելու երկրորդ պատճառը, ըստ Ն. Զոհրաբյանի, դա «խայտառակ գնաճն է», որը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի զսպվում.

Կարդացեք նաև

«Պատճառ երրորդ՝ 5560 աշխատատեղի կրճատում, ինչն անթույլատրելի է: Ֆինանսների նախարարն ասաց՝ ինչ-որ վիրտուալ աշխատատեղեր են բացվելու, թող գնան այնտեղ աշխատեն: Ես ինչքան էլ փորձեցի հասկանալ, թե ինչպես կարող է, օրինակ, կրճատված ուսուցիչը կամ բժիշկը գնալ ու աշխատել Ամուլսարի հանքավայրում՝ որպես հանքափոր, որևէ կերպ չկարողացա պատկերացնել»:

Ն. Զոհրաբյանը նաև նկատեց, որ բյուջեի նախագծով՝ կրթության, գիտության, առողջապահության ծախսերը կրճատվում են, ինչը նախագծին դեմ քվեարկելու 4-րդ պատճառն է.

«Այս հատվածից անընդհատ լսում էինք հայտարարություններ՝ գիտելիքահենք տնտեսության, գիտության առաջընթացի և այլնի մասին, արդյունքում՝ 0 արդյունք»:

2018 թվականի բյուջեի նախագծին դեմ քվեարկելու 5-րդ պատճառը, Ն. Զոհրաբյանի համար, «դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկերն է». «Կրկին անդրադառնամ վարչապետի արած մի հայտարարությանը՝ «տնտեսական աճն ով է զգում իր մաշկի վրա, ով չի զգում, դա շատ սուբյեկտիվ և անչափելի գործոն է»: Ոչ, պարոն վարչապետ, դա շատ չափելի գործոն է: Եթե դուք և ձեր թիմը գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ զգում է շարքային հայ քաղաքացին, ապա վստահաբար չէիք ասի, որ տնտեսական աճն անչափելի գործոն է և կախված է մաշկի զգացողությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս