Հիշեցի մեր տունը… եզակի նմուշ Վանո Սիրադեղյանի օրագրից. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի տրամադրության տակ է հայտնվել եզակի գրական նմուշ՝ հատված Վանո Սիրադեղյանի օրագրից: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«….Մայիսի 3, 2000 թիվ. սուպերմարկետում այսօր սկսեցի կիսաձայն դնդնալ Ջիվանու «Մայրիկ»-ը:
Այս խանութում, կարծեմ, մեկ-երկու անգամ էլ այդպես դնդնալու տրամադրություն է բռնել: Երեւի նրանից է, որ մեջը սուրճ խմել է հնարավոր, եւ մի քիչ մարդաշնորհք է վրադ գալիս, ոչ թե բեռնակիր ես զգում քեզ՝ թեկուզ քեզ համար մթերք տուն կրող: Մինչեւ տուն հասնելս այդպես էլ չհիշեցի. «եղիր երկնքում ինձ… սատար, մայրիկ» տողի «սատար» բառը: Մի անգամ վերջերս այս նույն երգը սկսեց հնչել ներսումս՝ վախեցած՝ խեղդվեցի: Այսօր չէր ստացվում: Հիշեցի մեր տունը, Սամսոնը ոնց էր մի անգամ խմած երգել: Լսողություն չունի. բայց ոնց էր երգում: Ջիվանու անսպասելի տողերը, անսպասելի բառերը ադամանդի նման շող են տալիս պատումային պարզության ձգտող երգերում:
Տուն մտա ու մտաբերեցի «սատար» բառը: Ճանապարհին մտա մյուս խանութ, որտեղ խոզի ապուխտ է լինում: Զգում էի, որ մի բաժակ օղի պիտի խմեմ: Տանը չէի ուզում խմել, բայց սիրտս անհանգիստ էր: Այսպես, մի կես ժամ ուզեցի մոռանալ-չստացվեց: Մի 50 գրամ խմեցի, բնականաբար, առանց մսի:
«Եթե չես կարողացել ինձ սպասել, լույս դառնաս, մայրիկ ջան: Եթե կարողացել ես՝ մի քիչ էլ սպասիր»,-ասացի ու խմեցի: Եվ 5 րոպեից հանդարտվեցի: Այդ էի ուզում ասել, ընդամենը:
Խմբ.կողմից – Վերը բերված տողերը Վանո Սիրադեղյանը գրել է երբ արդեն մոտ 1 ամիս վտարանդիության մեջ էր եւ լուր չուներ մոր վիճակի մասին։ Գիտեր միայն, որ նրա առողջական վիճակը վատ է եւ իր շուրջ տեղի ունեցող զարգացումների պատճառով ավելի է վատացել։ Վանո Սիրադեղյանի մայրը մահացել է 2002 թվականի փետրվարի 2-ին, երբ որդին արդեն մոտ 2 տարի վտարանդիության մեջ էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։