Միայն լավ թվերին հավատալու ժամանակը
Հոկտեմբերի 24-ին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունում էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, տեղի ունեցավ հերթական վիճակագրական «միջադեպը». Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։
Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով աճել է 23.5 տոկոսով: Սակայն Ռուսաստանի վարչապետը հրապարակավ չհամաձայնեց այդ 23.5 տոկոսի հետ և հնչեցրեց իր թիվը՝ 2017 թվականի հունվարից օգոստոս հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և առաջարկեց հետագայի համար օգտագործել այդ ցուցանիշը: «Ես ավելի լավ թիվ ունեմ, քան ձերն է։ Հունվար-օգոստոսին ապրանքաշրջանառությունն աճել է 30%-ով»,- ասաց Մեդվեդևը։ Ավելին, ոչ միայն ասաց, այլև առաջարկեց հետագայում հենց իր հնչեցրած թիվն էլ օգտագործել։ Ասել է թե՝ ձեր թվերը բանի պետք չեն, մեր թվերին հավատացեք։
«Ես միանշանակ կողմ եմ, որպեսզի օգտվենք ձեր վիճակագրությունից։ Առավել ևս, մենք առիթ ունենք կասկածելու որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունն առանց այն էլ նվազեցնում է որոշակի ցուցանիշներ», – ասաց Կարեն Կարապետյանը։
Մեդվեդևն այնքան նախանձախնդիր էր իր 30%-ը «տեղ հասցնելու» հարցում, որ ավելի ուշ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նույնպես տեղեկացրեց, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը «նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 30 տոկոս»:
Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերությունը։ Այս հարցը կրկնակի հետաքրքիր է դառնում, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և արտաքին առևտրի տվյալներն ամփոփվում են մեկ միասնական բազայում։ Այսինքն՝ Ազգային վիճակագրական ծառայությունն ինքնուրույն չի հաշվարկում ներմուծման և արտահանման տվյալները, այլ ստանում է ՊԵԿ մաքսային ծառայությունից։
Ի վերջո՝ ո՞ւմ թիվն է ճիշտ։ «Ազատություն» ռադիոկայանն այս հարցով մեկնաբանություն էր խնդրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանից։ Վերջինս պնդեց, որ իրենց թվերը «վստահելի են, որովհետև դրանք հենց Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջադրվող մեթոդաբանության հիման վրա են հաշվարկված»: Բայց և չասաց, որ ռուսների ներկայացրած թիվը սխալ է։ Փոխարենը՝ Մնացականյանը փորձեց բացատրություններ ներկայացնել, թե ինչով կարող են պայմանավորված լինել այդ տարբերությունները։
Պատճառներից մեկը, ըստ ԱՎԾ ղեկավարի, այն է, որ արտահանումը մի երկրից մյուսը FOB գնով է, սակայն ընդունող երկրում այդ նույն ապրանքը CIF գնով է։ «Արդեն տարբերություն է»,- ասաց նա։
Մյուս գործոնը ժամանակային տարբերությունն է։ «Օրինակ, արտահանումը մի երկրից արձանագրվում է դեկտեմբերի 31-ին, իսկ այդ նույն ապրանքը որպես ներմուծում ընդունող երկրում ձևակերպվում է հաջորդ տարվա հունվարին»,- նշեց Մնացականյանը։
ԱՎԾ ղեկավարը երրորդ գործոն էլ նշեց, որը բավականին ուշագրավ է. «Ապրանքն արտահանողի սեփականությունն է։ Նա ինչքան էլ ասի, թե որ երկիր է արտահանում, ճանապարհին եթե լավ այլ գնորդ գտնի, այնտեղ կարտահանի»։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ պայմանագրով, հաշիվ-ապրանքագրով և այլ փաստաթղթերով կոնկրետ գնորդին ուղարկվող ապրանքը ճանապարհի կեսից ուղևորվի մեկ այլ երկիր։ Սակայն քիչ հավանական է, որովհետև անգամ գնորդի և վաճառողի փոխադարձ համաձայնության պարագայում՝ դա լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի թե՛ արտահանողին, թե՛ ներմուծողին՝ մաքսային ձևակերպումների և այլ հարցերով։
Ինչևէ, ժամանակավորապես մի կողմ թողնենք այս բացատրությունները և հասկանանք, թե որ թվերն են իրարից տարբերվում։ Հայաստանի արտաքին առևտրի տվյալներն արտացոլվում են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ԵՏՀ-ի կայքի տվյալների հետ համեմատելիս հետաքրքիր պատկեր ենք ստանում։ Պարզվում է՝ արտահանման մասով շեղում չկա՝ նույն ցուցանիշն է։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 310 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է 36,6%-ով։ Նույն ծավալը և աճը ԵՏՀ կայքում է։
Սակայն ներմուծման մասով պատկերն այլ է։ Ըստ Հայաստանի ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ներմուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի) կազմել է 681,7 մլն դոլար, աճը՝ 18,3%։ Իսկ ահա ԵՏՀ տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 738,7 մլն դոլար, աճը՝ 23,4%։ Այսինքն, 5 տոկոսային կետով շատ։ Ըստ այդմ, ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 991,8 մլն դոլար, իսկ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 1 մլրդ 49 մլն դոլար։ Ըստ այդմ էլ, ըստ ԵՏՀ բազաների, առևտրաշրջանառության ընդհանուր աճն ավելի բարձր է, քան մերոնց ներկայացրած 23,5%-ը (սակայն, միևնույն է՝ 30%-ի չի հասնում)։
Ստեփան Մնացականյանի նշած CIF և FOB գների գործոնն այս դեպքում չի աշխատում, որովհետև եթե դրա պատճառով տարբերություն լիներ, դա պետք է արտացոլվեր նաև արտահանման դեպքում։
Իսկ եթե ընդունենք, որ մյուս երկու գործոններն են աշխատել՝ ժամանակի և ճանապարհի կեսից գնորդին փոխելու, ապա տարօրինակ եզրահանգման կգանք։ Կստացվի, որ Հայաստանից Ռուսաստան բեռները հասնում են շատ արագ, իսկ ներմուծման ժամանակ՝ ուշացումով։ Կամ էլ՝ Հայաստանի համար նախատեսված մոտ 58 մլն դոլարի ապրանք ճանապարհի կեսից շեղվել է և գնացել անհայտ ուղղությամբ։
Ինչևէ, համոզված ենք, որ այս շեղումն ընդամենը տեխնիկական բացատրություն ունի, որը կհնչի առաջիկայում։ Սակայն ամենամտահոգիչը դա չէ։
Ամենամտահոգիչն այն է, որ Հայաստանի վարչապետը միանգամից համաձայնում է իր ռուս գործընկերոջ հնչեցրած թվին՝ բաց տեքստով կասկածի տակ դնելով սեփական վիճակագրությունը։ Միանգամից, առանց որևէ առարկության կամ տվյալները ճշգրտելու անհրաժեշտության մասին նշելով։
Նույն կերպ, ժամանակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով։ Մինչ օրս ոչ ոք չգիտի՝ ինչպես էր ստացվել այդ թիվը։ Սակայն թե՛ այդ պահին, թե՛ հետո, ոչ ոք չասաց՝ հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, «ց վՈր պրՑՖ ՓՌՒՐՈ տՏւցՋպ» (ինչպես արեց Մեդվեդևը), ՀՆԱ-ի աճն իրականում շատ ավելի փոքր է: Ստացվում է, որ մեր ռուսաստանցի գործընկերները կարող են խելքին փչած ցանկացած թիվ «անցկացնել» Հայաստանում։
Կա նաև հարցի մյուս՝ զուտ ներքին կողմը։ Վարչապետը հատուկ շեշտեց, որ ԱՎԾ-ն ոչ թե ուռճացնում է ցուցանիշները, այլ հակառակը՝ նվազեցնում։ Այսինքն՝ կառավարությունը չի ցանկանում հավատալ թույլ ցուցանիշներին։ Սակայն բնակչությունն էլ փայլուն ցուցանիշներին չի հավատում, և նույն տրամաբանությամբ կարելի է կասկածի տակ դնել պաշտոնական վիճակագրության կողմից հայտարարվող ցանկացած ցուցանիշ՝ տնտեսական աճի, ներդրումների և մնացածի մասով։