Գեղարոտի դամբարանում հնագետները հայտնաբերել են մանկան զոհաբերության հետքեր
Հայ-ամերիկյան արշավախումբն այս տարի Գեղարոտի պեղումների ժամանակ մեկուսացած համալիր է հայտնաբերել, որն եզակի է ողջ Հայաստանի և ամբողջ Ք. ա. 3-րդ հազարամյակի մշակույթի համար:
Գեղարոտի արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համալիրում հնագետները դամբարաններ են պեղել, որոնք, սակայն, իրենց գույքով առանձնապես աչքի չեն ընկնում: «Դրանք շարքային թաղումներ են, բայց յուրաքանչյուրն ունի ինչ-որ փոքրիկ առանձնահատկություն: Դրանցից մեկը մանկական թաղում է: Երեխայի գանգի վրա մենք արհեստական տրավմայի հետք ենք հայտնաբերել, ինչը վկայում է, որ գործ ունենք զոհաբերության հետ», -ասաց նա:
Ռուբեն Բադալյանի խոսքով` մանկական թաղման հարեւանությամբ բնակելի կառույց է բացվել, որի պեղումները, սակայն, դեռ շարունակվում են: «Այն մշտապես բնակեցված կառույց է եղել, որի հատակին մնացել են Ք. ա. 3-րդ հազարամյակի իրերն այնպես, ինչպես դրանք դասավորվել են 5000 տարի առաջ»,-ասաց հնագետը՝ հավելելով, որ տարածքում հայտնաբերվել են նաեւ քարե գործիքներ, պայտաձև օջախ, անոթների կույտ` մեկը մյուսի մեջ դրված:
Հնագետը փաստեց, որ հուշարձանը բավական հեռանկարային է: Դեռ նախորդ տարիներին Գեղարոտի տարածքում բրոնզե իրերով լի դամբարան է պեղվել: «Տեղանքից նաեւ բրոնզե հատվածներով փայտե լուծ, ձիու գանգեր եւ սանձ են հայտնաբերվել, ինչպես նաեւ՝ վարազի եւ գորտի տեսքով արձանիկներ, ոսկե ուլունքներ, օբսիդիանե նետասլաքներ»,- ասաց Բադալյանը:
Նա նշեց, որ վերջին 20 տարում հնագետներին հաջողվել է պեղել հուշարձանի միայն 2 տոկոսը: «Պեղումներն իրականացվում են հայ-ամերիկյան համատեղ «Արագած» ծրագրի շրջանակում: Գեղարոտի պեղումների հետ կապված երկու մենագրություն շատ շուտով կհանձնվի մասնագետների և այս գիտությամբ հետաքրքրվող ընթերցողների դատին»,- նշեց Ռուբեն Բադալյանը:
Գեղարոտի հնավայրում հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ է իրականացնում դեռ 1998 թվականից: