«Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները»

Հայկական կողմը վերադարձնում է Վիեննայի օրակարգը: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Արցախի խնդրին՝ խոսել է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին:

«Ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»,- ասել է Ս. Սարգսյանը:

Ավելի վաղ այս մասին էր խոսել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: «Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին, այդ թվում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները»,- ասել էր ԱՄՆ դիվանագետը՝ հիշեցնելով, որ ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են:

Նշենք նաև, որ օրերս ԱՄՆ նոր վարչակազմի կայացրած նոր որոշումների մասին էր խոսել Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«168 Ժամի» հետ զրույցում «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հիշեցրեց ավելի վաղ արած իր մեկնաբանությունն այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների օրակարգից ժամանակավոր էին դուրս եկել ինչ-ինչ գործոնների ներքո:

«Շատ ենք քննարկել, որ Ադրբեջանը չի ցանկանում ընդունել այդ համաձայնություններով նախատեսվող վերահսկողական մեխանիզմների ներդրումը, և Արևմուտքը տեղի էր տվել Ադրբեջանի այդ ցանկությանը որոշակի գործոնների` Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունների վատթարացման փուլի և Ադրբեջանի սպառնալիքների ներքո, սակայն և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը հասկանում են, որ առանց նման միջոցառումների, որոնք անգամ ամրագրված են ավելի վաղ ձեռք բերված պայմանագրերով, հնարավոր չէ բանակցություններում առաջ շարժվել:

Ինչո՞ւ էին այդ պայմանագրերում ներառվել այն բոլոր միջոցառումները, որոնք մշակվեցին անցյալ տարի, որովհետև հակամարտության հենց սկզբից բոլոր կողմերի համար ակնհայտ է եղել, որ առանց շփման գծում խաղաղության՝ հնարավոր չէ բանակցել: Վիեննայում ըստ էության թարմացվեց նախկին օրակարգը և ներկայումս տեղից չի շարժվում»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը:

Քաղաքագետի կարծիքով, այժմ բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից, սկսելու են աշխատել այդ համաձայնությունները կյանքի կոչելու և Ադրբեջանին դրանք պարտադրելու ուղղությամբ:

Նրա համոզմամբ՝ այդ ջանքերը շատ ավելի արդյունավետ կլինեն, երբ Ադրբեջանը համոզվի, որ Ռուսաստանը մերժում է այն ծրագրերը, որոնք Ադրբեջանն առաջարկում է և այս անգամ առաջարկելու է Թուրքիայի նախագահի բերանով:

«Առաջիկայում տեղի կունենան Էրդողան-Պուտին բանակցությունները, որոնցից Ադրբեջանը հույս ունի օգուտներ կորզել Ղարաբաղյան հարցի համար, քանի որ իր հորդորով Էրդողանը պետք է ամենայն հավանականությամբ Ռուսաստանին առաջարկի մի բան, որը շատ նման է «Լավրովի ծրագիր» անվանումը ստացած կարգավորման պլանին, ի դեպ, «Լավրովի պլան» կոչվածը ևս ակտիվորեն շրջանառում էին հենց ադրբեջանցիները, դա ևս ադրբեջանական ծրագիր էր:

Այդ փուլն ավարտվեց նրանով, որ Ադրբեջանը հույսը կտրեց, որ Ռուսաստանը կաջակցի իր ծրագրերին, ներկայումս Ադրբեջանը նույնը փորձելու է անել Էրդողանի միջոցով, սակայն վստահ եմ, որ այդ ծրագրերը մերժվելու են, քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում կանգնել Ադրբեջանի կողքին այս հակամարտությունում»,- ասաց Ս. Տարասովը:

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահը վերադարձնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների օրակարգը, Ս. Տարասովը պատասխանեց՝ ասելով, որ դա պատահական չէ:

«Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումը էլ ավելի արդարացված և պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի և ՌԴ-ի, և ԱՄՆ-ի աջակցությունը:

Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հասկացնում է, որ դեմ է և՛ այդ խոսակցություններին, և՛ այդ ձևաչափում ԼՂ հակամարտության քննարկմանը: Ի վերջո, Ռուսաստանը միայնակ Թուրքիայի հետ ի՞նչ կարող է անել, Թուրքիան բացարձակ որևէ կապ չունի այս հակամարտության հետ: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ այս հակամարտության բանակցությունները շարունակվում են Մինսկի խմբի ձևաչափով, և այլ ձևաչափ դեռ չկա: Որպեսզի բանակցությունները շարունակվեն, որոնք այսօր Ադրբեջանի սրտով են, Ադրբեջանը պետք է համաձայնի այդ պայմանավորվածությունների կատարմանը»,- ասաց Ս. Տարասովը:

Մեզ հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ չնայած այդ համաձայնությունների մասին խոսակցությունները դադարեցվել էին ինչ-ինչ պատճառներով, սակայն, ըստ նրա, ապրիլյան պատերազմից հետո համանախագահները՝ չգտնելով շփման եզրեր հակամարտող կողմերի միջև, առաջարկեցին նման մեխանիզմներ ներդնել: Հալբախի խոսքով, ամենայն հավանականությամբ, ոգևորված ամերիկյան աջակցությունից՝ հայկական կողմը՝  ի դեմս ՀՀ նախագահի, փորձեց ադրբեջանական կողմին հիշեցնել այդ պայմանավորվածությունների մասին:

«Պարզ է, որ, եթե կողմերը չեն գալիս համաձայնությունների կարգավորման շուրջ, հրաձգությունը շփման գծում չի դադարում, համանախագահները պետք է որևէ թեմայի միջոցով նախագահներին նստեցնեն մեկ ընդհանուր սեղանի շուրջ, նրանց կարծիքով՝ այդ թեման նման համաձայնությունները կարող էին լինել, բայց գործընթացն այդ համաձայնությունների շուրջ ևս տապալվեց, կարծում եմ` առաջիկայում ևս տապալվելու է, և այս հայտարարությունները մնալու են հռետորաբանության շրջանակում»,- ասաց Հալբախը:

Սակայն, վերջինիս համոզմամբ՝ շփումները կողմերի միջև պետք է շարունակվեն ամեն դեպքում, քանի որ դրանց բացակայությունը կարող է վտանգավոր լինել:

«Մի փոքր կայունացնող գործոն է ներքին փոփոխությունները, որոնք սպասվում են Ադրբեջանում և Հայաստանում: Այդ փաստը թույլ է տալիս ենթադրել, որ լայնածավալ ռազմական գործողություններ կողմերին անհրաժեշտ չեն ներկայումս, քանի որ երկու երկրներում էլ կա իշխանությունը պահպանելու խնդիր»,- ասաց նա:

Հարցին՝ բանակցային գործընթացում ի՞նչ կարող է փոխել Էրդողան-Պուտին խոսակցությունը ԼՂ հակամարտության մասին, Հալբախը պատասխանեց՝ ոչինչ չի փոխվելու:

«Թուրքիան փորձում է բավարարել Ադրբեջանի ցանկությունները՝ դրանում էապես հետաքրքրված չլինելով: Բայց Պուտինին ուղղված իր դժգոհություններով Էրդողանն այլ դժգոհություն ունի Ռուսաստանի նախագահից, ավելի մեծ աջակցություն ու համագործակցություն է ակնկալում Պուտինից, այդ պատճառով էլ մեղադրում է Պուտինին պակաս ուշադրություն հատկացնելու մեջ, կարծում եմ՝ Պուտինը հասկացել է ուղերձը և համապատասխանաբար կպատասխանի Էրդողանին, սակայն գործարք Ղարաբաղի շուրջ՝ Պուտինի և Էրդողանի միջև, լինել չի կարող, դրանում իրականում հետաքրքրված չեն ոչ Պուտինը, ոչ Էրդողանը»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս