Խոշորներն ու նրանց վճարած հարկերը՝ 2017 թվականի առաջին 9 ամիսներին
Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 580.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Խոշոր հարկատուները, այսպիսով, ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 69.4%-ը (այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 836.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուների ցանկից։ Նախորդ տարվա՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին 525 մլրդ դրամի հարկեր։
Այսինքն՝ խոշոր հարկատուների վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 55.8 մլրդ դրամով կամ 10.6%-ով։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտները նույն ժամանակահատվածում ավելացել են 6.2%-ով։
Ստացվում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը շատ ավելի արագ են աճել, ինչը կարող է մեկնաբանվել այնպես, որ հարկային բեռի ավելացումն իր ուսերին կրել է հիմնականում խոշոր բիզնեսը, և ստվերի դեմ պայքարն ավելի անողոք է եղել հենց խոշոր բիզնեսում։ Սակայն ամեն ինչ այնքան հրաշալի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ինչպես տեսնում եք գծապատկերում, հարկային եկամուտների աճը գրանցվել է գլխավորապես անուղղակի հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ) հաշվին։ Իսկ ուղղակի հարկերը նվազել են՝ 201.8 մլն դրամից հասնելով 193.9 մլրդ դրամի։
Հաջորդ տարվանից, ի դեպ, 1000 խոշոր հարկատուների ցանկում հրապարակվելու է նաև ուղղակի և անուղղակի հարկերի բացվածքը՝ ըստ առանձին հարկատեսակների։ Ըստ այդմ հնարավոր կլինի տեսնել, թե ընկերությունները որքան շահութահարկ կամ եկամտային հարկ են մուծել։ Ըստ այդմ հնարավոր կլինի գոնե մոտավոր պատկերացնել՝ ուղղակի հարկերի փոփոխությունները պայմանավորված են շահութաբերությա՞մբ (վնասաբերությամբ), թե՞ աշխատողների քանակի կամ աշխատավարձերի փոփոխության հանգամանքով։
Սակայն դա, ինչպես նշեցինք, հնարավոր կլինի միայն եկող տարի։ Իսկ այս տարվա տվյալներով ընդամենը կարելի է փաստել, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի կշիռը նվազում է, անուղղակի հարկերինը՝ ավելանում։ Ու քանի որ անուղղակի հարկերը ներառված են վաճառվող ապրանքների և ծառայությունների վերջնական գնի մեջ, ապա իրականում այն վճարում են սպառողները։
Ընկերությունները պարզապես «միջնորդ» են, որոնք մեր վճարածը փոխանցում են բյուջե, սակայն դա գրանցվում է իրենց անունով։ Ստացվում է, որ հարկային եկամուտների աճը պայմանավորված է ոչ թե առանձին հարկատուներով, այլ մեր բոլորիս վճարած հարկերով։
Ինչ վերաբերում է բուն ցանկին, ապա այն շարունակում է գլխավորել վերջին տարիների անփոփոխ առաջատարը՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին գազային մոնոպոլիստը պետբյուջե է վճարել 32.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29.8 մլրդ դրամի դիմաց։
Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում «Գրանդ-Տոբակոն» է՝ մոտավորապես 22.2 մլրդ դրամով։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ այս ընկերության վճարած հարկերն ավելացել են 5.7 մլրդ դրամով։ Երրորդ խոշորագույն հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որն այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 18.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։