«Մոտակա մի քանի տասնամյակում Արցախի հետ կապված որևէ լուծում չի կարող լինել՝ բացի ստատուս-քվոյի պահպանումից». Գառնիկ Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախը՝ որպես պետականություն, այսօր շատ ակտիվ տնտեսական զարգացման փուլում է.

«Ենթակառուցվածքներից յուրաքանչյուրը նպաստել է, որպեսզի Արցախի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ մյուս հարցերի լուծումը շատ ավելի հեշտանա և արագանա։ Գալիք տարվա համար արդեն շատ ավելի լուրջ աշխատանքներ են նախատեսված։ ՀԷԿ-երի քանակով շուտով Արցախը կարող է նույնիսկ ռեկորդ սահմանել.  էլեկտրաէներգիա ներմուծող Արցախը կարող է շատ լուրջ էլեկտրաէներգիա արտահանել»։

Նա ընդգծեց, որ առաջին անհրաժեշտության գյուղատնտեսական ապրանքներով Արցախն ինքնաբավ է. «Արցախը ոչ միայն կարողանում է արտահանել դրանք դեպի Հայաստան, այլև նվիրաբերել Հայաստանին։ Հյուսիսային ճանապարհի շինարարությունն ավարտվեց, հարավային ճանապարհն ունենք, հիմա նոր ճանապարհ է  կառուցվելու։ Նորից շատ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ է, որի նախագիծն ամբողջությամբ արվել է, և շուտով կսկսվեն աշխատանքները։ Շատ ակտիվ աշխատանքներ են գնում նաև առաջնագծի հետ կապված, բավականին լուրջ ծրագիր է իրականացվում։

Ծրագրային առումով բոլոր խնդիրներն ավարտված են, դրված են ԱՀ նախագահի սեղանին, հիմա ֆինանսական միջոցների հետ կապված աշխատանքներ են տարվում, դրանց մի մասն արդեն հայթայթվել է, և շուտով կսկսվի այդ ծրագրերի իրականացումը, և մինչև ամառ ականատես կլինենք այդ աշխատանքների ավարտին։ Դրանք շատ կարևոր աշխատանքներ են, ես ուղղակի նախագծերի հետ կապված անուններ չեմ տալիս՝ զուտ որոշակի հանգամանքներից ելնելով։ Դեմոգրաֆիկ առումով Արցախում բավականին լուրջ աճ կա, ծնելիությունը բարձր է»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նա նշեց, որ արցախցիների համար ավելի կարևոր է այն, ինչ արվում է Արցախում, քան այն, ինչ են խոսում տարբեր ամբիոններից. «Երբ ասում են՝ կողմերի համար ցավոտ, մենք առաջինը մտածում ենք, որ հայկական կողմի համար է ցավոտ լինելու։ Շատ ավելի կարևոր է, թե այդ ցավոտ ասելուց հետո ի՞նչ աշխատանքներ են տարվում։ Հայաստանն Արցախի փոխարեն չի մասնակցում բանակցություններին, նա Արցախի կողքին է։ Մոտակա մի քանի տասնամյակում Արցախի հետ կապված որևէ լուծում չի կարող լինել՝ բացի ստատուս-քվոյի պահպանումից։ Ցանկացած փոփոխություն հանգեցնելու է տարածաշրջանում բավականին լուրջ հետևանքների, խաթարվելու է անվտանգությունը, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դրանից հետո տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս