Բաժիններ՝

«Ուշացված դատավարությունը մերժված դատավարություն է». Վարչական դատարանի 3 դատավորներ կտեղափոխվեն վարչական վերաքննիչ դատարան

Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:

Ըստ այդմ` առաջարկվում է ՀՀ վարչական դատարանի դատավորներին կրճատել 3-ով և նույնչափ ավելացնել վարչական վերաքննիչ դատարանի դատավորների կազմը: Ա. Հովհաննիսյանի խոսքով` 2012թ.-ին Վարչական դատարանի դատավորի թիվն ավելացվել էր 10-ով, այնինչ Վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմի փոփոխություն տեղի չէր ունեցել, ինչը հանգեցրեց ավարտված գործերի քանակի ավելացմանը, ըստ այդմ, ավելացավ նաև դրանց վերաքննության կարգով բողոքարկումների քանակը, ինչն էլ, իր հերթին՝ հանգեցրեց Վերաքննիչ դատարանի դատավորների գերծանրաբեռնվածությանը, մասնավորապես, 2017 թ. հուլիսին դատական կազմին հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում  2019 թ. հունվարին:

Օրինագծով նաև ամրագրվում է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են 500 հազար դրամը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով` վերաքննիչի դատավորների թիվն ավելացնելն արդարացված է և դեռ ուշացված, բայց առաջին ատյանի դատավորների թիվը պակասեցնելը ճիշտ չէ: Նա հետաքրքրվեց, թե հնարավո՞ր չէ՝ պահապանելով առաջին ատյանում դատավորների թիվը, վերաքննիչում ավելացնել:

«Հայաստանում տոտալ պատժողական քաղաքականություն է գնում, վարչական տուգանքների թիվն ահռելի է, 300 հազար վարորդական իրավունքի պարագայում 2 մլն տուգանք է սահմանվում»,- նկատեց նա:

Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ դատավորներին պահպանելը նշանակում է՝ դատավորների աշխատավարձ, սպասարկող անձնակազմի աշխատավարձ, շենք-շինության ծախս, և այլն. «Մենք փորձում ենք նվազեցնել նաև վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը»:

Հրայր Թովմասյանի կարծիքով` դատավորների մեխանիկական ավելացումը կարող է խնդիրը լուծել, բայց իր հետ ծախսեր է բերում: Նա նշեց, որ այլ հարթությունում է տեսնում խնդրի լուծումը` հրաժարվել դատավարական ֆորմալիզացված ընթացակարգից, մեծացնել գրավոր ընթացակարգը: Հ.Թովմասյանի խոսքով` Հայաստանում մեկ գործի վրա դատավորն ավելի շատ ժամանակ է ծախսում, քան միջազգային պրակտիկայում. «Գուցե պետք է դատավորների աշխատակազմն ավելացնել»:

«Այս փոփոխությունները շատ հրատապ են, հունվարի 1-ից այս դատավորները պետք է կարողանան գործել»,- հավելեց Թովմասյանը:

«Ուշացված դատավարությունը մերժված դատավարություն է»,- նկատեց Ա.Զեյնալյանը` հորդորելով ելք գտնել վարչականում 3 դատավորներին պահպանելու համար:

Կառավարության կողմից հրատապ ճանաչված օրինագիծն ընդգրկվեց ԱԺ փոքր օրակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս