«Հայաստանը չի կարող զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ». Դավիթ Պիպոյան

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանը չի կարող դառնալ եգիպտացորեն կամ սոյա արտահանող երկիր, հետևաբար՝ խնդիր չունի անցնելու տրանսգենային արտադրությանը։

«Կամայական երկիր, որը որդեգրում է իր զարգացման ռազմավարությունը, պետք է ունենա 3 հիմնական խնդիր՝ բնապահպանական, որովհետև ԳՄՕ-ները վնասում են հենց շրջակա միջավայրին, գյուղատնտեսական, որովհետև, եթե երկիրը ցանկություն ունի զարգացնել օրգանիկ գյուղատնտեսություն կամ արժեքավորել իր ազգային մթերքները, և տվյալ երկրում զբաղվում են տրանսգենային մթերքների արտադրությամբ, որևէ մեկը ձեզ չի կարող թույլ տալ, որ տվյալ զոնայում արտադրեք արժեքավոր սննդամթերք։ Երրորդն առողջապահական խնդիրն է»,- ասաց նա։

Պիպոյանը նշեց, որ բոլոր երկրներում ԳՄՕ-ի համապատասխան մակնշումը տրվում է, և սպառողը խնդիր չունի դա հայտնաբերելու. «ԳՄՕ-ն հայտնաբերելու մեթոդներ կան։ Իհարկե, 100 տոկոս արդյունք տալիս է միայն լաբորատոր փորձաքննությունը և գենետիկ փոփոխության հայտնաբերումը։ Բայց, օրինակ, եթե լոլիկը կտրում եք, երկու կողմում հավասար պատկեր է ստացվում, ոչ մոդիֆիկացված լոլիկը կտրելիս՝ կնկատեք, որ երբեք աջ և ձախ հատվածներում այդպիսի սիմետրիկ, հավասար գծապատկեր չի ստացվում»։

Նա նշեց, որ 2012թ. հետազոտություն է արվել և ՀՀ շուկայում հայտնաբերվել են գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ՝ լոլիկ, կարմիր պղպեղ, եգիպտացորեն. «ՀՀ-ն գենետիկորեն մոդիֆիկացված սերմի արտադրություն չունի, եթե կա բույս, ուրեմն սերմ է ներկրվել։ Մենք այդ ոլորտը կարգավորող օրենք չունենք։ Ունենք բաց վիճակ, և կամայական մի մարդ կարող է ՀՀ ներմուծել ու շրջակա միջավայրն աղտոտել ԳՄՕ սերմերով։ Սա նաև մարդկանց կայուն զարգացման սկզբունքի խախտում է, որովհետև, եթե մեկը վաղը որոշի զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ, իսկ այդ հողակտորներն արդեն օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված սերմերի կուլտիվացիայի նպատակով, հետագայում լինելու է խաչաձև աղտոտում, և այդ տարածքում հնարավոր չի լինելու արտադրել օրգանիկ մթերք»։

Կարդացեք նաև

Նա հավելեց, որ ԳՄՕ-ով գյուղատնտեսություն արգելված է Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում. «ԵՏՄ անդամ երկիր ենք, մեր երկրում համապատասխան օրենսդրություն չկա։ ՌԴ-ն անսահմանափակ հողատարածքներ ունեցող երկիր է և կարող է ունենալ մեկուսացված տարածքներ, որտեղ կարող են զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ և չվարակել մյուս հատվածները։ ՀՀ-ն փոքր հողատարածքով երկիր է և չի կարող զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս