Որն է ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդությունը Հայաստանում
Ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդությունը Հայաստանում ընտանեկան պարբերական տենդ է (հայտնի է «երևանյան հիվանդություն» անվամբ – խմբ.): «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում եվրոպացի լավագույն գենետիկ մասնագետները հայ մասնագետներին փոխանցեցին իրենց փորձը:
«Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից Առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համատեղ: Կոնֆերանսի նպատակն է Հայաստանում բարձրացնել բժշկական գենետիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը ոչ միայն ազգաբնակչության, այլ նաև բժիշկների միջավայրում: Հրավիրել ենք մեր եվրոպացի գործընկերներին: Նրանք կներկայացնեն իրենց փորձը, թե ինչպես են աշխատել իրենց երկրներում` ներդնելու համապատասխան ծառայություններ և ինչ հաջողություններ ունեն: Կլինի փորձի փոխանակում»,-ասաց Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Պապիկյանը:
Հայ մասնագետները ներկայացրեցին նաև օրենսդրական և կառուցվածքային այն բացերը, որոնք այսօր առկա են Հայաստանում, և որի ուղղությամբ պետք է աշխատեն ` բարելավելու իրավիճակը:
Հայաստանն ունի քիչ թվով գենետիկ մասնագետներ, սակայն բոլորն էլ ունեն նեղ մասնագիտացում: Պապիկյանի կարծիքով` մասնագիտական վերապատրաստումների կարիք կա: Անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ, համապատասխան ուղեցույցներ, սքրինինգային ծրագրեր:
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ԱՆ գլխավոր գենետիկ Թամարա Սարգսյանի կարծիքով` գիտաժողովը մեծ նշանակություն ունի գենեցիստների համար: «Հրավիրված են լավագույն մասնագետներ Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չեխիայից , որոնք կկիսվեն իրենց փորձով: Մեծ հաջողություն եմ համարում ունենալ բժշկական գենետիկայի օր: Հուսով եմ, որ այն կլինի շարունակական և եվրոպացի բժիշկների հետ ավելի սերտ կաշխատենք»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով` ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդությունը Հայաստանում ընտանեկան պարբերական տենդն է: Բարձր տոկոս կազմող այլ գենետիկ հիվանդություն չունենք:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովում կայացել է բժշկական գենետիկայի հետ կապված ծրագրի լիցենզավորման քննարկում: Փոխնախարարը կարևորեց նաև իրազեկման առումով մեծ աշխատանք տանելու անհրաժեշտությունը: