«Ակնկալում ենք, որ դրանից հետո ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն». Դավիթ Բաբայանը՝ Եվրանեսթի բյուրոյի ուղերձի՝ Արցախին վերաբերվող հատվածի մասին

Ինչպես հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի կողմից ընդունված ուղերձում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Վերջապես, մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև, որոնք արդեն շատ կյանքեր են խլել, կոչ ենք անում երկու կողմերին, իրենց քաղաքացիների շահերից ելնելով, հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը չունի ռազմական լուծում՝ բովանդակային բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն և վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների և երկխոսության միջոցով: Մենք վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների հաշտարար ջանքերին, ներառյալ Նախագահների մակարդակով, որոնց հիմքում են 2009 թվականի ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի համապատասխան»:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ ողջունելի է Եվրանեսթի բյուրոյի ուղերձի՝ Ղարաբաղին վերաբերվող հատվածը:

«Մի քանի կետ կա, որ ակնկալում են խաղաղ կարգավորում, բոլոր կողմերի մասնակցությամբ այս ամենն իրականացնել, ինչը շատ կարևոր է: Ակնկալում ենք, որ դրանից հետո ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն, այսինքն՝ եթե այդ ամենի խոչընդոտողն Ադրբեջանն է, ապա նրա նկատմամբ պետք է համապատասխան զգուշություն ցուցաբերվի և քայլեր ձեռնարկվի, որպեսզի նրանք իմանան, թե ինչ է նշանակում խախտել զինադադարի ռեժիմը: Այսինքն՝ ակնկալում ենք, որ հետագայում կանեն նաև պրակտիկ քայլեր այս ուղղությամբ»,- նշեց Դ. Բաբայանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե նման ուղերձներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հետագայում Արցախի հակամարտության բանակցային գործընթացում, և այդ տեսանկյունից՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի աշխատնքները Եվրանեսթում՝ Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Կարևոր հայտարարություն է, և պետք է դրական գնահատել, մեծ աշխատանք է տարվել այս ուղղությամբ: Պարզապես, եթե հասնում են ինչ-որ բարձրունքի, պետք է նաև շարունակել էլ ավելի զարգանալ և շարունակել այդ բարձրունքը: Հասկանալի է, որ այս հայտարությունը մի հիստերիկ ալիք պետք է բարձրացնի Ադրբեջանում, ու նրանք էլ կսկսեն իրենց կաշառակերված մեխանիզմները տարածել, կփորձեն ինչ-որ ալտերնատիվ փաստաթղթեր ստորագրեն և այլն։ Այսինքն՝ սա աշխատանքի այլ դաշտ է բացում նաև մեզ համար՝ թույլ չտալու այդ ամենը, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, կարելի է դրական գնահատել, պարզապես պետք է արդեն այլ մակարդակի անցնել, որպեսզի ամեն ինչ արվի, որ գործնականում միջազգային հանրության կողմից Ադրբեջանը դատապարտվի այս կամ այն արարքի համար»:

Տեսանյութեր

Լրահոս