
«Ես համաձայնեցնում եմ իմ գրաֆիկը և ուղղաթիռի թռիչքը». ինչո՞ւ է Վահե Հակոբյանը աշխատանքի գնում ուղղաթիռով

«Դրա մասին բազմիցս տվել ենք պարզաբանումներ: Ուղղաթիռը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ՊՆ-ի միջև կնքված պայմանագիրն է և քաղաքացիական մի ավիաընկերության միջև կնքված պայմանագիրն է, որ պարբերաբար չվերթեր են կատարում, երբ հյուրեր են գալիս, անհրաժեշտություն կա արագ տեղափոխվել մայրաքաղաք կամ մարզկենտրոն, այդ ժամանակ ես համաձայնեցնում եմ իմ գրաֆիկը և ուղղաթիռի թռիչքը, լինելով պարզապես բարիդրացիական հարաբերությունների մեջ կոմբինատի ղեկավարության հետ, օգտվում եմ ուղղաթիռից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` մեկնաբանելով ուղղաթիռով իր տեղափոխությունների փաստը:
Անդրադառնալով Կապանի օդանավակայանի կառուցման խնդրին` Վ.Հակոբյանը նշեց, որ շենքը կառուցվում է, մայիս-հունիսին պլանավորված է առաջին չվերթը: Ըստ նրա` ինքնաթիռն արդեն գնված է, գտնվում է Չեխիայում և մարտին կլինի Հայաստանում: