Բաժիններ՝

«2017 թվականի համեմատ՝ 233 միլիոն դրամ է ավելացել ԱԺ-ի պահպանման համար. դա բավարար չէ՞». Ատոմ Ջանջուղազյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Կարծում եմ՝ պետական բյուջեից պետք է երևար, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման: Ես, օրինակ, դա չեմ տեսնում»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ:

Նա հարցով դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին. «Որտե՞ղ է այդ փոփոխությունը երևում: Նախագահի աշխատակազմից կրճատում կա, բայց այդ գումարները որտե՞ղ են գնացել խորհրդարանական կառավարման երկրում: Ես չեմ տեսնում, որ եկել է խորհրդարան»:

Ի պատասխան՝ Ա. Ջանջուղազյանն ասաց. «Սահմանենք, թե ինչպե՞ս էիք դուք ուզում, որ դա բյուջեում երևար: Ենթադրենք՝ 233 միլիոն դրամ է ավելացել ԱԺ-ի պահպանման համար՝ 2017 թվականի համեմատ: Դա բավարար չէ՞, ինչպե՞ս էիք ուզում տեսնել, որ փոփոխություն է տեղի ունեցել»:

Է. Մարուքյանն արձագանքեց, որ դա բյուջեի մեջ թվերով պետք է արտացոլված լիներ. «Ինձ թվում է՝ 1 միլիարդ դրամ քիչ է խորհրդարանին բաշխվել, որովհետև ԱԺ-ն նոր ֆունկցիաներ է ստացել, ու նրան տրվող միջոցներն այնքան պետք է բարձրացվեին, որ նա կարողանար դրանք իրականացնել»:

Ա. Ջանջուղազյանն ասաց, որ իրենք գործել են օրենսդրությանը համապատասխան, գնահատել են, թե ինչքան միջոցներ են անհրաժեշտ, որ կարողանա տվյալ մարմինն իր գործառույթներն իրականացնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս