«Ցավալի ասելով` ՀՀ նախագահն անհայտ տարրերի մասին չի խոսում». Բրիտանացի վերլուծաբան
«Ժնևի թնջուկը սկսեց բացվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանական Քինգզ քոլեջի դասախոս, բրիտանացի քաղաքագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին և ներկայումս ընթացող զարգացումներին:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դասախոսություն էր կարդացել Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Ի թիվս այլ հարցերի՝ նախագահն անդրադարձավ նաև Արցախի հարցին՝ նշելով, որ լուծումը ցավոտ է լինելու. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»:
«Ես որևէ դիրքորոշում չեմ ցանկանում հայտնաբերել, ուղղակի ուզում եմ տեսնել, թե քաղաքական դպրոցում սովորողների դիրքորոշումն ինչպիսին է այդ հարցում: Ես առաջարկում եմ բոլորիդ, կամ նրանց, ում այս հարցը հետաքրքրում է, մի հատ լավ նախապատրաստվեք և մի օր հատուկ այս հարցով փորձենք բանավիճել, ճշմարտությունն ի հայտ բերել: Ես էլ խոստանում եմ անկեղծորեն իրավիճակը ներկայացնել, ոչինչ առանձնապես չթաքցնել»,- ասել էր ՀՀ նախագահը:
Թրեյսի Ջերմանի խոսքով՝ վերջին շրջանում բավականին անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել բանակցային գործընթացում, երբ լուռ էին թե նախագահները, թե համանախագահները: Սակայն, ըստ նրա, դա պատահական լռություն չէր, քանի որ Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո բանակցային թնջուկը սկսեց բացվել հանրության համար: Բրիտանացի քաղաքագետի խոսքով, պարզ դարձավ, որ նախագահներն աննշան հարցեր չեն քննարկել, այլ բավականին լուրջ, քննարկել են հենց կարգավորումը, կողմերի տարաձայնությունները:
«Սակայն, ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ կա ինչ-որ համաձայնություն, որը կողմերը դեռ փորձում են թաքցնել իրենց հասարակություններից՝ հասկանալով, թե ինչպես կընկալվեն զիջումների մասին հայտարարությունները: Հենց այս պատճառով Նովրուզ Մամեդովը ՀՀ նախագահին հանդիմանեց որոշ մանրամասներ հրապարակելու պատճառով: Մանրամասների հրապարակումը ձեռնտու չէ հայկական կողմին ևս, քանի որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո հատկապես հայկական հասարակությունում զիջումների հարցին լուրջ անհանգստությամբ են մոտենում: Ուստի նախագահներին ժամանակ է անհրաժեշտ զիջումներն իրագործելու համար: Այն կարծիքին եմ, որ երկու նախագահներին էլ առաջիկայում ձեռնտու կլինի առաջընթացը Ղարաբաղյան բանակցություններում»,- ասաց բրիտանացի վերլուծաբանը: Վերջինս պատահական չի համարում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած մեկնաբանությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ցավոտ է լինելու:
«Ցավոտ ասելով՝ իմ համոզմամբ՝ նախագահ Սարգսյանը մեզ անհայտ զիջումների կամ կարգավորման տարրերի մասին չի խոսում, խոսքը Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքների մասին է, օրեր առաջ նա նաև վստահեցրեց հանրությանը, որ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ թե ինչ կոմբինացիայով է զիջումը լինելու՝ դա արդեն շատ նեղ բանակցային հարց է, մեզ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ շատ տարբեր սցենարներ են քննարկվել` երկու տարածք, հինգ, երեք, վեց, այսինքն` այստեղ հայ հասարակության համար որևէ նորություն չկա, պարզապես հասրաակությունը դրան պատրաստ չէ՝ հատկապես ապրիլյան դեպքերից, հայկական կողմի ունեցած զոհերից հետո: Սակայն մինչ այս ամենը հայկական կողմը միջազգային հանրությունից և ադրբեջանական կողմից ակնկալում է կայունություն շփման գծում, որի պայմաններում միայն ՀՀ նախագահի նշած ցավոտ լուծումը կարող է իրագործվել: Ես համոզված եմ, որ առանց սրա՝ հայկական կողմն առաջ չի գնա»,- նման տեսակետ հայտնեց Թրեյսի Ջերմանը:
Նա չի բացառում, որ հետաքննական մեխանիզմները ներդրվեն շփման գծում, սակայն դա չներկայացվի համանախագահների և ադրբեջանական կողմից՝ որպես էական իրադարձություն, դրան մեծ հնչեղություն տալով, քանի որ ադրբեջանական կողմն ի սկզբանե դրան դեմ է եղել՝ նշելով, որ համաձայն է միայն բովանդակային բանակցությունների:
«Նման բանակցությունները բազմաթիվ կողմեր ունեն, դժվար է դա վերլուծելը: Ժնևից հետո պաշտոնական հայտարարությունները վերլուծելով՝ շղթա եմ տեսնում, որի համաձայն՝ նախագահները լուրջ հարցեր քննարկել են, սակայն համաձայնության եզրերը դեռ վերջնականապես հստակեցված չեն, և կողմերը պատրաստ չեն բացեիբաց խոսել հասարակությունների հետ, բացատրել հնարավորությունների սահմանները: Մյուս կողմից էլ՝ կարծում եմ, այս 20 տարիների ընթացքում կողմերի համար արդեն հասկանալի է՝ որոնք են փոխզիջումները, որոնք կարող են կորզել միմյանցից, Ղարաբաղը հանձնելուն հայկական կողմը պատրաստ չէ, իսկ այն ռազմական ուժեվ վերցնել Ադրբեջանը ևս կարծես թե չի ցանկանում կամ չի կարողանում»,- ասաց Ջերմանը:
Նրա համոզմամբ՝ առաջիկա մի քանի ամիսներին դեռ մեզ էական նորություններ բանակցություններից չեն սպասվում: