«Ժնևում Սարգսյանն ու Ալիևն իրական բանակցություններ են սկսել»

«168 Ժամի» զրուցակիցն է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան:

Պարոն Բրայզա, Ժնևում Սարգսյան-Ալիև բանակցություններից անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտելով գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառեց հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետեր և ՍՊԱՅԿ տիպի հակատանկային հրթիռ, որոնք, ինչպես Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը պնդեց, անպատասխան չեն մնում: Կցանկանայի, որպեսզի վերլուծենք ստեղծված իրավիճակը՝ դիտարկելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Նովրուզ Մամեդովի վերջին մեկնաբանությունները: Ինչո՞ւ է իրավիճակը շփման գծում դուրս եկել վերահսկողությունից Ժնևի հանդիպումից հետո:

– Հիմնվելով իմ փորձառության վրա՝ կարող եմ ասել, որ սովորաբար ծայրաստիճան բարդ է որոշել, թե որ կողմն է սկսել հրաձգությունն առաջինը: Հաճախ սադրանք է լինում մեկ կողմից, որն անդրադառնում է հակամարտող կողմերում շատ մարդկանց դիրքորոշումների վրա, որոնք չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորում, նրանք մաքսիմալիստական դիրքորոշում են ստանձնում, որն անընդունելի է մյուս կողմի համար:

Նրանք այս ցանկությունը զգում են, երբ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ է նկատվում, ինչպես 2016թ. ապրիլին Վաշինգտոնում նախագահներ Սարգսյանի և Ալիևի՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո: Այդ անխոհեմ մարդկանցից մի քանիսն ընդդիմացան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իմ անձի նշանակմանը, հատկապես՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարությունը, և նույն պատճառներով կային մարդիկ, որոնք ընդդիմացան մյուս կողմում, որոնք երջանիկ չէին, երբ ես ժամանեցի Բաքու: Ներկայումս գլխավոր նպատակը պետք է լինի բռնության վերջին բռնկումը հաղթահարելն ու վերականգնելն այն դրական տեղաշարժը, որը գրանցվեց Ժնևի վերջին բանակցությունների ժամանակ:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ պայմանավորվածություններ է խախտել հայկական կողմը, որոնց մասին Մամեդովն է խոսում:

– Ենթադրում եմ, որ պարոն Մամեդովը խոսել է Ժնևում նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև ակնհայտ համաձայնության մասին՝ չցանկանալով բացահայտել անհամաձայնության կետերը: Կարծում եմ, որ պարոն Մամեդովը մասնավորապես կենտրոնացել է նախագահ Սարգսյանի հայտարարությունների վրա, որոնք նա արել էր Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ Ղարաբաղն այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի մասը, այնինչ նախագահ Ալիևն ամուր կերպով հակառակ կարծիքին է:

Ինչպե՞ս կգնահատեք Ժնևի բանակցությունների արդյունքները:

– Հիմնվելով Ժնևի հանդիպմանը հաջորդած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունների վրա` նախագահների բանակցությունները կառուցողական են եղել տրամադրվածության և բովանդակության տեսանկյունից: Միացյալ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները համաձայնել են քայլեր նախաձեռնել բանակցություններն ինտենսիվացնելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Սա ենթադրում է դրական գործընթացի վերականգնում, որը բխում է 2016թ. մայիսի և հունիսի քննարկումներից, որոնք հետևեցին ապրիլյան լուրջ բախումներին և, հետևաբար՝ կարող են դիտարկվել՝ որպես վերջին 15 ամիսների ընթացքում Մինսկի խմբի գործընթացում ամենաէական զարգացում:

Ժնևի հանդիպումից առաջ տպավորություն էր, թե հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը պարզապես դուրս է եկել բանակցային օրակարգից: Դուք ի՞նչ եք կարծում:

– Ես չգիտեմ, թե կոնկրետ որ հարցերն են այսօր օրակարգում: Ես կարող եմ միայն ասել, որ հավանաբար հետաքննական մեխանիզմների ներդրման հարցն այն նախաձեռնություններից մեկն է, որոնք նախագահները քննարկել են` որպես շփման գծում լարվածությունն իջեցնելու միջոց:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը. «Այս հակամարտությունն իսկապես ռազմական լուծում չունի: Ուստի անհնար է մեկ ձեռքով կրակել և մյուսով բանակցել հակամարտությունը կարգավորելու համար: Դուք կամ բանակցում ես, կամ կրակում, մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք»: Ի՞նչ ուղերձ է Սարգսյանը փորձում փոխանցել:

– Ես նախագահ Սարգսյանի մեկնաբանությունը երկու կերպ կպարզաբանեի: Առաջինը, Հայաստանը չի ցանկանում ռազմական ճանապարհով պարտադրվել լքել այն տարածքները, որոնք իր զորքերը գրավել են Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Երկրորդ, թեև Հայաստանը նախընտրում է բանակցել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, պատրաստ կլինի պատերազմի՝ անհրաժեշտության դեպքում: Այլ բառերով՝ «Լավի հույսով՝ պատրաստ ամենավատին»:

Ըստ Ձեզ՝ իրականում ի՞նչը կարող է թուլացնել լարվածությունը կողմերի միջև, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն համանախագահները:

– Համանախագահները պետք է անեն այն, ինչ խոստացել են իրենց համատեղ հայտարարությունում, ավելի կոնկրետ` կազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի միջև: Նման հանդիպումների նպատակն է՝ հաստատել, պահպանել այն տեղաշարժը, որը գրանցվել է Ժնևում նախագահների բանակցությունների արդյունքում, և ավելի հստակ մշակել այն քայլերի դետալները, որոնք պետք է իրականացվեն շփման գծում իրավիճակը մեղմելու նպատակով: Նման հատուկ միջոցներ բանակցային օրակարգում են եղել երկար ժամանակ, դրանցից են ծանր սպառազինության, դիպուկահարների հեռացումն առաջնագծից՝ մինչև տարբեր մոնիտորինգային մեխանիզմների ներդրում:

Իրավիճակը շփման գծում որքա՞ն կարող է պահպանվել ներկայիս վիճակում, եթե չլինեն իրական բանակցություններ և կողմերի հանձնառություններ:

– Ես այն կարծիքին եմ, որ Ժնևում նախագահները Մինսկի խմբի հետ իրական բանակցություններն արդեն վերսկսել են: Եթե համանախագահները կարող են օգնել նախագահներին շրջանցել ներկայիս լարվածության բռնկումը, ապա նախարարների կողմից լարվածությունը նվազեցնելու կոնկրետ առաջընթաց կարող է գրանցվել:

Ո՞րն է Սպիտակ տան նոր աշխատակազմի դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրում, հաշվի առնելով պետքարտուղար Թիլերսոնի նամակը սենատոր Քորկերին, որը բացահայտեց, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնը պոտենցիալ կրճատումների ցանկում է, բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թիլերսոնն աջակցում է Արցախում խաղաղության առաջարկներին, որոնք անում են Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը:

– Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չէ ուշադրություն դարձնում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով: Ի վերջո, ամենայն հավանականությամբ, աշխատակազմը կընդունի, որ Մինսկի խմբի միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցումն ապահովում է մի կոնկրետ ծրագիր, որի վրա ԱՄՆ-ը ու Ռուսաստանը կարող են աշխատել համատեղ՝ հանուն խաղաղության: Միևնույն ժամանակ՝ այսպիսի խոհեմություն նկատելի չէ: Իսկապես Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնի կրճատումն անխոհեմ և նույնիսկ՝ վտանգավոր քայլ է, քանի որ դա կարող է ստեղծել վակուում, ինչի արդյունքում Մինսկի խմբի գործընթացը կարող է ձախողվել, որի հետևանքը լարվածության պարուրաձև աճը կլինի, որի գագաթնակետն այլ պատերազմը կարող է լինել: Ավելին՝ բյուջետային տեսանկյունից այս քայլն անիմաստ է, քանի որ ԱՄՆ համանախագահի պաշտոնի ծախսերը հոգում է ԵԱՀԿ-ն, և ոչ՝ ԱՄՆ կառավարությունը:

Տեսանյութեր

Լրահոս