ԵԱՏՄ-ի գինը՝ «Ամեն ինչ մի քանի տարի էլ գնալով կվատանա»
2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի տարածքում կսկսի գործել ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը: ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերի ուժի մեջ մտնելուց հետո մի շարք ապրանքատեսակների թանկացումն անխուսափելի է։ Հայաստանի անդամակցության ժամանակ ՀՀ տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է նախատեսվել հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների (միս, մսամթերք, դեղամիջոց), արդյունաբերության համար հումք հանդիսացող ապրանքների (պոլիմերային հումք, փայտանյութ), էներգակիրների, տրանսպորտային միջոցների համար:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր արտոնությունները չէ, որ վերանալու են 2018-ից։ «Մինչև 2022 թ. ժամանակացույց կա, այդ արտոնությունները փուլ առ փուլ են վերանայվելու»,- ասաց նա։
Ըստ նրա՝ դա կանխատեսելի էր, քանի որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում արդեն հայտնի էր գործարարներին, թե ինչ է տեղի ունենալու. «Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ գործարարներն արդեն 3 տարի առաջ տեղեկացված էին, թե 3 տարի հետո իրենց ինչ է սպասվում։ Կարծում եմ՝ այդ կանխատեսելիությունը կապահովի, որ տնտեսությունում ցնցումներ չլինեն»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ մաքսային դրույքաչափերի փոփոխությունների հետևանքով կարող ենք որոշ ապրանքատեսակների գնաճ ունենալ, իսկ որոշ ապրանքատեսակների գների իջեցում. «Թանկացումները, չեմ կարծում, որ հենց առաջին անհրաժեշտության ապրանքներին կվերաբերեն։ Հայաստանի տնտեսությունը ցնցում չի ապրի, այդ փոփոխությունները բավականին մեծ չեն կարող լինել»։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջիկա տարիներին փուլային կարգով մաքսատուրքերի տոկոսադրույքների աճի հետևանքով 900 անուն առաջին անհրաժեշտության ապրանքներ ամեն տարի թանկանալու են. «Տարեցտարի այս ապրանքատեսակների համար 2-5% մաքսատուրք է բարձրանում, որն անխուսափելիորեն բերելու է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման: Այդ թանկացումը մենք առաջին հերթին կնկատենք մսամթերքի, շաքարավազի, դեղորայքի գների աճի մեջ, թեև թանկանում են ավելի մեծ թվով ապրանքատեսակներ»:
Ըստ նրա՝ եթե հաշվի առնենք, որ այս տարվա բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, բնակչության կենսամակարդակի անկում կնկատվի, որն անապահով ընտանիքներին է՛լ ավելի ծանր կացության մեջ կգցի:
«Պատկերավոր ասած՝ ամեն ինչ մի քանի տարի էլ գնալով կվատանա, մինչև 2022թ., և այդպես վատ կմնա, եթե շարունակենք անդամակցել ԵԱՏՄ-ին: Սա այն գինն է, որ Հայաստանի քաղաքացիներն ուղղակիորեն իրենց գրպանից վճարում են ԵԱՏՄ-ում հայտնվելու համար՝ իշխանությունների վարած անհեռանկար արտաքին քաղաքականության պատճառով»,- ասաց Մ.Թանդիլյանը: