Բաժիններ՝

«Եթե երեխաները հիվանդ են, թող թիկունքային ծառայող գնան, ուրիշ գործեր անեն». Սամվել Շահինյանն առաջարկում է բոլորին բանակ ուղարկել

«Քաղաքականությունը, որը վարվել է մեր երկրում վերջին 20 տարիներին, ավելի շատ պատեհապաշտական է ու օրվա խնդիր լուծելուն է միտված. չունենք երկարատև ծրագրեր, այդ առումով յուրաքանչյուր օրենսդրական նորամուծություն իր մեջ պարունակում է վտանգ, որովհետև նշաձողը չկա, թե ուր ենք գնում»,- 168.am-ի հետ  զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, ազատագրական ջոկատի հրամանատար, Հայաստանի վերջին Գերագույն խորհրդի (ԳԽ) պատգամավոր, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:

Նրա համար ընդունելի է, որ տարկետման իրավունքը վերացվում է. «Իհարկե, այնտեղ հարց է ծագում՝ որպես դասախոս, որպես ամբիոնի վարիչ՝ ես պետք է մտածեի այն լավ ուսանողների մասին, որոնք բանակից հետո գալու են ինչ-որ բաներ կորցրած: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման բան չկա, սովորողը, միևնույն է, սովորելու է, իսկ այդ տարկետման իրավունքից օգտվում են շատ ավելի կողմնակի մարդիկ, որոնք բառացիորեն որևէ կապ չունեն գիտության հետ, այլ սոցիալական կամ ընտանեկան խնդիր են լուծում: Բոլոր դեպքերում, ես համոզված եմ,  որպես փոքր երկիր՝ մենք իրավունք չունենք խաղեր տալու: Մենք իրավունք չունենք թողնելու, որ երկատվի հասարակությունը, այսինքն՝ հասարակության մի մասը լինի «էլիտար» վիճակում, մյուսը լինի հայրենիքի համար ամեն ինչ ներդնող: Պետք է հավասարություն դնել բոլորիս առաջ»:

Ս. Շահինյանը կողմ է այս օրենքի նախագծին: Խոսելով ընդդիմության բողոքի մասին՝ նա նշեց, որ Հայաստանում ընդդիմությունները, որոնք եղել են վերջին 20 տարում, իրենց գործառույթն են համարել առաջադրված նախագծերում անպայման գտնել սխալներ և քննադատել, որպեսզի արդարացնեն իրենց գոյությունը.

«Ես իրական ընդդիմություն կհամարեի այն ընդդիմությանը, որն Ազգային ժողովում ներկայացներ ծրագիր, թե որն է մեր հեռահար նպատակը, ինչ ենք ուզում դառնանք մենք, և ինչպիսին են այդ ճանապարհները և գործիքները: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունն օրվա խնդիր են լուծում, այստեղ ես տարբերություն չեմ տեսնում իրենց մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ այս օրենքի նախագծին, ապա յուրաքանչյուր հայ պարտավոր է ծառայել բանակում, առաջին հերթին՝ թեկուզ նրա համար, որ չկոմպլեքսավորվեն երեխաները, երիտասարդները»:

Մեր դիտարկմանը, թե տարկետման իրավունքի վերացման հիմնական հիմնավորումն այն է, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց մյուս կողմից՝ այդ կոռուպցիոն ռիսկերը կարող են առաջանալ առողջապահական ոլորտում, երբ մարդիկ փողով իրենց որդու համար հիվանդության թուղթ կհանեն, որ բանակ չգնա՝ Ս. Շահինյանն այսպես արձագանքեց.

«Եթե երեխաները հիվանդ են, թող թիկունքային ծառայող գնան, ուրիշ գործեր անեն: Նույնիսկ նրանք, ովքեր ունակ չեն շարայինի, նրանք նույնպես պետք է ծառայեն: Հիմա Արտակարգ իրավիճակների նախարարությունում 30-ից ավելի հաշմանդամներ չկա՞ն, որոնք հրաշալի ծառայում են, ինչո՞վ է տարբերվում այդ ծառայությունը ռազմական ծառայությունից: Յուրաքանչյուրի համար բանակում կարելի է աշխատանք գտնել: Այդ հանգամանքի հետ ես էլ եմ առնչվել, չնայած իմ կապերին ու ծանոթյուններին՝ երեխայիս չկարողացա բանակ ուղարկել: Դա շատ վատ բան է, դա ինձ վրա հետք է մնացել:

Այսինքն՝ ես իմ կաշվի վրա եմ զգացել հակառակը, ոչ թե՝ չուղարկելու հանգամանքը, այլ չկարողանալու՝ բանակ ուղարկել այն դեպքում, որ իմ մեծ՝ լուսահոգի տղաս, 2 տարի Մարտակերտում էր 13 տարեկանում, ես նրան իր պապիկի հետ թողել էի առաջին գծում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս