![](/banners/BeFunky-design.jpg)
«Միգուցե դա սնանկության կառավարչի հորեղբոր տղայի ընկերությունն է, մի հատ հասկանանք՝ ինչքանո՞վ կան կոռուպցիոն ռիսկեր». Գևորգ Գորգիսյանը՝ Վաչե Գաբրիելյանին
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/gevorg-georgisyan.jpg)
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Նաիրիտի» վերաբերյալ հարցեր հնչեցրեց:
Նա ասաց, որ ինքը գրավոր ձևով կառավարությանն ուղարկել է 4 հստակ հարց ու անորոշ պատասխաններ է ստացել:
«Որքա՞ն է գործարանի պարտքն այժմ, և ի՞նչ կառուցվածք ունի այն: Պարտատերերին կատարվող վճարումները կատարելու համար սնանկության կառավարիչը պարբերաբար անցկացնում է աճուրդներ, քանի՞ աճուրդ է անցկացվել մինչ օրս, ի՞նչ գույք է վաճառվել, ի՞նչ գնով, ո՞ւմ են վճարվել պարտքից ստացված գումարները, ե՞րբ, ի՞նչ գնով է «Նաիրիտը» ժամանակին գնել այդ գույքը: Ի՞նչ բանակցություններ են ընթացել, 2009 թվականին քրեական գործ է հարուցվել «Նաիրիտում» չարաշահումների հետ կապված: Որևէ ինֆորմացիա այս գործի հետ կապված՝ ինձ չի տրամադրվել»,- հայտարարեց Գ. Գորգիսյանը:
Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը մեծածավալ է ու առկա է «Ազդարարում». «Հուսով եմ, որ դուք ժամանակ կգտնեք ծանոթանալ այդ տվյալների հետ»:
Գ. Գորգիսյանն ասաց, որ դրանք չկան «Ազդարարում». «Ի՞նչ գնով է ժամանակին ձեռք բերվել գույքը, կամ ո՞ւմ է վաճառվել ու ի՞նչ գնով: Ո՞ւմ են վճարվել այդ գումարներ, միգուցե դա սնանկության կառավարչի հորեղբոր տղայի ընկերությունն է, մի հատ հասկանանք՝ ինչքանո՞վ կան կոռուպցիոն ռիսկեր»:
Փոխվարչապետը խոստացավ, որ կդիմի Էներգետիկայի նախարարին՝ այդ տեղեկատվությունը Գ. Գորգիսյանին փոխանցելու համար: