«Մենք չենք ուզում ձեզ դժոխք տանենք, դուք առանց մեր տանելու՝ ինքներդ գնացեք». Նիկոլ Փաշինյան
«Նաև ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այն կառուցվածքը, այն փիլիսոփայությունը, որ այսօր դրված է մեր Գլխավոր շտաբի հիմքում և նաև տեղափոխվում է այս օրենք, ուղղակի չի արդարացրել իրեն»,- այսօր Ազգային ժողովում Պաշտպանության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին:
Նրա խոսքով՝ մեր Գլխավոր շտաբի և պետերի հասցեին անընդհատ հնչել են կոռուպցիայի մեղադրանքներ, սկանդալային իրավիճակներ են եղել. «Չեմ կարծում, որ այստեղ անձնական խնդիր կա, այլ ինստիտուցիոնալ հակակշիռների էական պակաս կա, որը, ես չեմ ասում՝ պետք է խախտի Զինված ուժերի միանձնյա ղեկավարման սկզբունքը, բայց չի կարող այսպես լինել, որ, ասենք, Զինված ուժերի կառավարման սկզբունքների հարցը լինի վարչապետ-Պաշտպանության նախարար-Գլխավոր շտաբի պետ ինչ-որ խնդիր»:
Ի պատասխան՝ Կորյուն Նահապետյանն ասաց, որ լավ կլիներ՝ Ն. Փաշինյանն իր մտահոգություններն առաջարկությունների ձևով ներկայացներ. «Դուք տալիս եք հարցադրումներ, որոնց պատասխանները կան տրված, եթե անգամ մի մասով տեսնում եք, որ թերի են, դա կարելի է շտկել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն և սկանդալային դեպքերին, իհարկե, մենք կարող ենք շատ վերացական հայտարարություններ անել, օգտագործել ԱԺ նիստերի դահլիճը՝ նաև չհիմնավորված հայտարարություններ անելու: Շատ լավ կլինի, որ, եթե դուք տեղյակ եք ինչ-որ սկանդալային դեպքից, ներկայացրեք կոնկրետ փաստեր: Այն, որ կան թերություններ, բացթողումներ, չարաշահումներ, դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է, այլ բան է, թե մենք ինչպես ենք արձագանքում դրան: Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական: Ես հեռու եմ այն մտքից, որ այս համակարգը կատարյալ է, բայց մենք պետք է գտնենք լիակատար ինստիտուցիոնալ հակակշիռներ»:
Ն. Փաշինյանն էլ արձագանքեց, որ Վ. Սարգսյանն իրենց ներկայացրած գրավոր առաջարկին պատասխանել է, որ բարի ցանկություններով դա տանում է դեպի դժոխք. «Մենք չենք ուզում ձեզ դժոխք տանենք, դուք առանց մեր տանելու՝ ինքներդ գնացեք»:
«Կարծում եմ՝ մենք չէ, որ պետք է որոշենք՝ դրախտո՞ւմ ենք հայտնվելու, թե՞ դժոխքում»,- ի պատասխան՝ ասաց Կ. Նահապետյանը: