«Այդ օրենքին դեմ խոսողներից որևէ մեկը չհարցրեց, թե ինչքանո՞վ է հայկական ավանդական խոպանը քայքայում հայկական ավանդական ընտանիքը». Անուշ Սեդրակյան
Հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին ընդդիմացողներն այն չեն կարդացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարեց, որ օրենքը նայել է, և ըստ նրա՝ դրան ընդդիմացողներն այնպիսի վայրենի կետեր էին ասում, որ օրենքում չկան։
«Հաջող ընտանիքի ներկայացուցիչները հանդես են գալիս առ այն, որ Հայաստանում ընտանեկան բռնություն չկա։ Հայաստանում կա ընտանեկան բռնություն, դա կա բոլոր երկրներում։ Դա կարող է լինել տղամարդու բռնացումը կնոջ վրա, կամ կնոջ բռնացումը տղամարդու վրա։ Այս դեպքում չի նշվում՝ տղամարդու բռնացումը կնոջ վրա։ Բռնությունը պետք է կանխել ու դրա հետ պետք է աշխատել։ Շատ կանայք աշխատանքի են գալիս կապտուկներով, ինչ-որ հետքերով դեմքին ու քողարկում են՝ ասելով, թե պատահաբար ինչ-որ բանի են խփվել։ Եթե մենք դա մեր առօրյայում տեսնում ենք, ուրեմն՝ հիմա ի՞նչ անենք, լռեցնե՞նք, թե՞ ասենք, որ կա այդ խնդիրը, ու դրա դեմ պայքարենք օրենսդրորեն։ Հո մենք էլ չե՞նք գնալու բռնացողի վրա բռնանանք, դա անառողջ մեխանիզմ է։ Շատ ավելի առողջ մոտեցում կա»,- ասաց նա։
Ըստ Սեդրակյանի՝ աշխատավայրում կամ հանրային վայրերում, պետական հաստատություններում եղած բռնությունը բացահայտ բռնություն է, իսկ ընտանիքի դեպքում այլ է. «Երբ շեֆը ծեծում է իր ենթակային կամ փողոցում ավազակ է հարձակվում, այդ բռնությունը բացահայտ է։ Ընտանիքում կողմերը շահագրգիռ են, որ դա լույս աշխարհ չհանեն։ Օրենքը պետք է աշխատի նաև նրա վրա, որ մարդիկ գան իրավագիտակցության, հասկանան, որ ինչ-որ ձևով պաշտպանված են»։
Նա ընդգծեց՝ այդ օրենքին դեմ խոսողներից որևէ մեկը չհարցրեց, թե ինչքանո՞վ է հայկական ավանդական խոպանը քայքայում հայկական ավանդական ընտանիքը. «Բա որևէ մեկի մտքով չի՞ անցնում, որ հայ տղամարդիկ գնում են հիմնականում Ռուսաստան, ունենում են երկրորդ ընտանիք, շատ հաճախ չեն վերադառնում, բա այդ պրոբլեմն իրենց ոչ մի անգամ չհուզե՞ց։ Սա ժպտալ անցնելու բան չի։ Ինձ մտահոգում է պետական միավորի քայքայումը բոլոր ոլորտներում»։