Մալթայական պայթյունի ադրբեջանական հետքը
Հոկտեմբերի 16-ին Մալթայում սպանվեց 53-ամյա լրագրող Դափնա Կարուանա Գալացիան: Այս լուրն առ այսօր չի իջնում լրատվամիջոցների առաջին էջերից: Պատճառը հավանաբար այն է, որ Դափնան Եվրամիության տարածքում սպանված առաջին լրագրողն է: Նրա անունը միջազգային լրատվամիջոցներում հայտնվեց հանրահայտ «Պանամական թղթապանակների» հրապարակման օրերին, երբ միջազգային մամուլում միաժամանակ հրապարակվեց օֆշորային գոտիներում տարբեր երկրների պետական պաշտոնյաների անունների հետ փոխկապակցված հաշիվների մասին տեղեկատվություն:
Մալթացի լրագրողի մահվան մասին նույնիսկ ադրբեջանական մամուլն է գրում: Գրում է՝ նշելով, որ Գալացիան օֆշորային հետաքննությունների շրջանակում լուրջ բացահայտումներ էր կատարել՝ մեղադրելով «Ուկրաինայի, Չինաստանի նախագահներին, Մարոկկոյի և Սաուդյան Արաբիայի միապետներին»: Ադրբեջանական մամուլը փորձում է շրջանցել այն փաստը, որ մալթացի լրագրողը լրջագույն փաստեր է հրապարակել Ադրբեջանի ղեկավարության վարած խավիարային դիվանագիտության, ինչպես նաև Ադրբեջանի ու իր երկրի ղեկավարների օֆշորային կապերի մասին:
Նախ՝ Դափնա Կարուանա Գալացիան լուրջ մասնակցություն ուներ 2012-2014թթ. Ադրբեջանի կողմից եվրոպական պետական գործիչներին կաշառելու մասին փաստերի ուսումնասիրության ու հրապարակման գործում: Դրանք հրապարակվել էին Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրման կենտրոնի հաշվետվության մեջ: Մալթացի լրագրողի հրապարակման համաձայն՝ գերմանական քաղաքական գործիչ Էդուարդ Լինտերը՝ որպես Ադրբեջանի վերջին նախագահական ընտրություններին գերմանական դիտորդական խմբի ղեկավար, դրական եզրակացություն տալու համար խոշոր «հոնորար» էր ստացել Ադրբեջանի նախագահի ընտանիքից:
Նման վերաբերմունքի էր արժանացել նաև մեկ այլ եվրոպական քաղաքական գործիչ` բուլղարուհի Իրինա Բոկովոն «Հանդուրժողականությունն Ադրբեջանում» ֆոտոցուցահանդես կազմակերպելու համար: Իսկ երբ Եվրախորհրդարանում քննարկվում էր Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևը, Ալիևների ընտանիքի օֆշորային կազմակերպությունից գումար էր փոխանցվել իտալացի պատգամավոր Լուկա Բոլոնտեին: Նա պիտի նպաստեր քննարկումների տապալմանը: Այս ամենից զատ՝ մալթացի լրագրողը փաստաթղթեր էր հրապարակել իր երկրի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ընտանիքների ֆինանսական «կապերի» մասին: Ադրբեջանական մամուլը չի գրում նաև այս կապերի մասին:
Մինչդեռ «Euronews»-ը լրագրողի մեքենայի պայթյունի մասին ռեպորտաժում հիշատակեց, որ այս տարվա գարնանը Գալացիան լրագրողական հետաքննության արդյունքները հրապարակելիս նշել էր, որ Մալթայի էներգետիկայի նախարարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և հենց վարչապետ Ջոզեֆ Մուսկատի անունով օֆշորային գոտում գրանցված կազմակերպության հաշվին մեկ այլ օֆշորային կազմակերպությունից մեկ մլն դոլար գումար էր փոխանցվել:
Գումար փոխանցող կազմակերպությունը գրանցված է Ադրբեջանի նախագահի դստեր անունով: Ցավոք, մանրամասներ չկան, թե կոնկրետ ինչ ծառայության դիմաց է վճարվել այդ գումարը: Հայտնի է, որ Մալթայի վարչապետ Մուսկատը 2014-ին այցելել է մեր հարևան երկիր և դրանից հետո ֆինանսական հստակ կապեր ունի Ալիևների ընտանիքի և ադրբեջանական որոշ մագնատների հետ:
Այդ կապերի մասին տեղեկատվության հրապարակումից հետո Մալթայի հետաքննական մարմինները քրեական գործ հարուցեցին, իսկ մայիսին վարչապետը հրաժարական տվեց: Սակայն նրա կուսակցությունը հունիսի 4-ին կայացած ընտրություններում կրկին հաղթեց, և վարչապետը վերահաստատվեց իր պաշտոնում: Իսկ քրեական գործը դեռ չի ավարտվել, և այդ մասին հրապարակային տվյալներ առայժմ չկան:
Դափնա Կարուանա Գալացիայի հետաքննությունները մասամբ էին լույս սփռում ադրբեջանական երեք մլրդ դոլարանոց «եվրակաշառքների» պատմության վրա: Այդ գումարը Բրիտանիայի տարածքում գրանցված կեղծ գրասենյակների միջոցով Ադրբեջանի ղեկավարությունը ծախսել է եվրոպական կառույցներում լոբբինգի կազմակերպման և Ադրբեջանի դեմ ընդունվող որոշումների չեղարկման նպատակով (այս բարդ քաղաքագիտական ձևակերպումը ժողովրդական բառուբանով պարզապես կաշառք է անվանվում): Բայց դրանք հատկապես ազդեցիկ էին իրենց կոնկրետությամբ ու հիմնավորվածությամբ:
Բոլոր դեպքերում այս սպանությունը Եվրամիության տարածքում այդ միության անդամ երկրի քաղաքացի լրագրողի առաջին սպանությունն է: Մալթայի վարչապետն իր վրդովմունքն արդեն հայտնել է: Եվրամիության ղեկավար կառույցները հայտարարել են, որ այս պարագային ակնհայտ են պատվիրված սպանության հատկանիշներ, և իրենց աջակցությունն են առաջարկել հետաքննության գործում: Իրենց աջակցությունն են առաջարկել նաև ԱՄՆ և Եվրամիության անդամ երկրների հատուկ մարմինները: