«Այս հանդիպման արդյունքում Հայաստանը որոշակի մարտավարական օգուտներ ստացավ». Բորիս Նավասարդյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

«Այս հանդիպումը փոխկապակցված էր Արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, որի հռչակագրի վերջնական տարբերակի շուրջ դեռ բանակցություններ են գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ խոսելով Սարգսյան-Ալիև հանդիպման մասին:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը որոշ աջակիցների օգնությամբ փորձում է այնտեղ ամրագրել տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքն Արևելյան գործընկերության երկրների համար, այն դեպքում, որ միշտ տարբերակվում էին Արցախի խնդիրը և այլ կոնֆլիկտային գոտիների խնդիրներ:

«Ադրբեջանի նպատակն է, որպեսզի նաև լրացուցիչ դաշնակիցներ ձեռք բերի Արևելյան գործընկերության այլ երկրներում, Մերդձնեստրյան չճանաչված Հանրապետությունը, Աբխազիան, Հարավային Օսիան և Ղարաբաղը դիտարկվեն նոր համատեքստում, և այդ առումով, ուզենք թե չուզենք, այս հանդիպման ժամանակ այդ համատեքստն ազդում էր ամբողջ գործընթացի վրա: Եթե խոսենք այն իրավիճակի մասին, որը նախորդում էր այս բանակցություններին, ապա շատ լավ հիշում ենք, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը կարծես հասավ որոշ մարտավարական նպատակների, որ պետք է վերահսկողություն լինի, մոնիտորինգ լինի շփման գոտում, և ավելի մեծ ռեսուրսներ և մեծ քանակով մարդիկ դրանով զբաղվեն, ու նույնիսկ դրա վերաբերյալ համաձայնություններ ձեռք բերվեցին: Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը դեմ էր, որ այդ բանակցությունների արդյունքները կյանքի կոչվեն, և Հայաստանը, փաստորեն, մերժում էր հետագա բանակցությունների հնարավորությունը, մինչև այդ պայմանավորվածությունները չկիրառվեն»,- նկատեց Բ. Նավասարդյանը:

Ըստ նրա՝ պարզ էր, որ Հայաստանի համար մարտավարական առումով նպատակահարմար չէր երկար ժամանակ բոյկոտել ցանկացած բանակցություն, մանավանդ՝ հաշվի առնելով Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որտեղ դա կարող էր բացասական ազդել՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով. «Պարզ էր, որ վաղ թե ուշ, անկախ նրանից, թե կատարվո՞ւմ են անցած տարվա պայմանավորվածությունները, թե՞ ոչ, Հայաստանի նախագահը պետք է համաձայներ հանդիպմանը»:

Կարդացեք նաև

Բ. Նավասարդյանը դժվարացավ դատել, թե ինչ է իրականում տեղի ունեցել նախագահների հանդիպմանը, որովհետև, նրա խոսքով, հայկական կողմն ասում է, որ նշվել է, որ լարվածության թուլացման ուղղությամբ պետք է շարժվեն կողմերը, ինչը հենց նշանակում է այն, ինչի մասին պայմանավորվել են 2016 թվականի մայիսին և հունիսին.

«Ադրբեջանական կողմը դա ժխտում է և ասում, որ այս հանդիպման հիմնական օրակարգը Մինսկի խմբի համանախագահող երկրների տարբեր հայտարարություններն են, որտեղ վկայակոչվում են Մադրիդյան սկզբունքները: Համաձայն եմ այն վերլուծաբանների հետ, որոնք համարում են, որ հիմնական նպատակն այս հանդիպման ընդհանուր լարվածության իջեցումն էր, և ոչ թե՝ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերելը: Ընդհանուր բացասական մթնոլորտը՝ Ադրբեջանի հետ կապված վերջին սկանդալների համատեքստում, երևի կարող է հույս ներշնչել, որ այս հանդիպման արդյունքում Հայաստանը որոշակի մարտավարական օգուտներ ստացավ»:

Տեսանյութեր

Լրահոս