«Ալիևը, այնուամենայնիվ, նահանջել է». Ալեքսանդր Մանասյան
«Հայաստանի և Ադրբեջանի բոլորովին իրարից տարբեր կերպարներ են ձևավորվում, մանավանդ՝ ադրբեջանական լվացքատան բացահայտումներից հետո, և ես մտածում էի, որ այս հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի կերպարների փոփոխության ֆոնի վրա, այդպես էլ եղել է, իմ սպասումներից մի քիչ տարբեր՝ Ալիևը, այնուամենայնիվ, նահանջել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ խոսելով օրերս տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին:
Ա. Մանասյանի կարծիքով՝ Ալիևը կշարունակի իր՝ ագրեսիվության, անհաշտվողականության գիծը, բայց, նրա խոսքով՝ պարզվում է, որ այդ ճնշումները, որ Ադրբեջանի վրա գնում էին, հատկապես՝ Եվրոպայից, իրենց ազդեցությունը գործել են, ու Ալիևը որոշել է փոքր-ինչ մեղմել իրադրությունն իր երկրի համար. «Այն աստիճան, որ համանախագահները նույնիսկ ասել են, որ երկու նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Լավ բան է, բայց կարծում եմ՝ չպետք է մեծ հույսեր տածել, կարծում եմ՝ դա ժամանակավոր բան է, որովհետև Բաքուն կարող է ուղղղակի պահի խնդիր լուծել: Այս լարված պահին Բաքուն կարծես ընդմիջում է վերցնում, որպեսզի իր իմիջը փոխի դեպի դրականը»:
Ա. Մանասյանը կարծում է՝ Մինսկի խմբի համանախագահները խնդրի սկզբունքային լուծման միասնական դիրքորոշում չունեն, որովհետև նրանց գլոբալ շահերը տարածաշրջանում տարբեր են. «Բայց, այնուամենայնիվ, նրանք իրենց հովանու տակ են վերցրել հակամարտությունը, միջնորդները սպասում են իրենց համար հարմար պահի, որպեսզի այդ խնդիրն իրենց օգտին կարողանան լուծել, դա կարող է երկար տևել, դրա համար այդ ընթացքում միջնորդները պետք է համերաշխություն դրսևորեն, պետք է ընտրեն այնպիսի հարցեր, որտեղ իրենք համաձայն են: Մինսկի խմբի հովանու տակ ընթացող գործընթացում Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամրապնդման քայլերը դեպի ԼՂՀ անկախությունը տանող քայլեր են: Միջնորդները դրան գնում են ակամա, ստրատեգիական առումով նրանք խնդրի սկզբունքային լուծում չունեն»:
Քաղաքագետի խոսքով՝ մենք պետք է փոխենք մեր դերակատարության մասին պատկերացումները. «Մենք պետք է ընդգծենք, որ մենք հակամարտության կողմ չենք, կամ գոնե անմիջական կողմ չենք, անմիջական կողմերը Ստեփանակերտն ու Բաքուն են: Մենք պետք է մեր այդ դերակատարությունը շեշտող, առանձնացնող, քարոզչական գործունեություն ծավալենք: Այն, որ մենք յուրօրինակ միջնորդի դեր ենք կատարում այս կոնֆլիկտի կարգավորման գործում, ստրատեգիական նշանակություն ունի մեզ համար, և մենք պետք է խորացնենք այդ պատկերացումը»: