«Ա՛յ, որ փող չտամ խաղատուն գնաս, ա՛յ, որ համակարգչից չթողնեմ օգտվես…». Ո՞րն է տնտեսական կամ հոգեբանական բռնությունը

«Ա՛յ, որ փող չտամ խաղատուն գնաս, ա՛յ, որ համակարգչից չթողնեմ օգտվես… դա տնտեսական, հոգեբանական բռնությո՞ւն է: Իհա՛րկե,ոչ, որովհետև տնտեսական բռնությունը համապատասխան անձին բնակարանից, սննդից, անհրաժեշտ այլ պարագաներից զրկելու խնդիրների մասին է»,- այսօր ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:

Ըստ նրա` օրենքում մոտեցումները բավականին մեղմ են և մի քանի կարգ վեր, քան Ղազախստանում կամ այլ մի շարք երկրներում համանման օրենսդրության մեջ: Փոխնախարարը նշեց, որ օրենքի շրջանակներում ընդունված որոշումները կարող են բողոքարկվել վերադասության, դատական կարգերով: Նրա խոսքով` երեխայի վրա գոռալը հոգեբանական բռնություն չէ, բոլոր ծնողներն էլ երեխայի ճիշտ վարքագիծը խրախուսում են, անհրաժեշտության դեպքում` սաստում, բայց այլ է հարցը ֆիզիկական բռնության կամ տառապանք պատճառելու դեպքերում:

Անդրադառնալով ապաստարանների խնդրին` փոխնախարարը նշեց, որ անձը ստիպված է հեռանում ընտանիքից և հանգրվանում, գիշերում ապաստարանում, սակայն դա մի վայր չէ, որ կիսաբանտարկյալ կարգավիճակ են ունենում:

Վ.Քոչարյանը պարզաբանեց, որ անձն ունի բոլոր իրավունքները ցանկացած պահի հեռանալու ապաստարանից, իսկ երեխան կարող է ապաստարանում հայտնվել միայն ծնողի` մոր հետ. «Երեխաներին ընտանիքներից տանելու մասին որևէ կարգավորում, որևէ նման միտում այս օրենքում չկա»:

Կարդացեք նաև

Անձնական կյանքի գաղտնիության վերաբերյալ, ինչպես նշեց Վ.Քոչարյանը, հատուկ հոդված կա օրենքում, որպեսզի այդ տվյալները պաշտպանված լինեն, և դա շատ դրական է:

«Լավ կլինի, որ այս օրենքն ընդհանրապես չկիրառվի, ընտանեկան բռնություններ չլինեն»,- նկատեց Քոչարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս