Մի բուռ ազգի ընտանեկան բռնությունը
Անկեղծ ասած, ինձ միշտ թվացել էր, որ ընտանեկան բռնությունների թեմայով զբաղվող հասարակական կազմակերպությունները մեր ժամանակներին բնորոշ հերթական «թիթիզությունն» են: Կան արևմտյան կազմակերպություններ, որոնք այդ թեմայի ուսումնասիրման ու լուսաբանման համար դրամաշնորհներ են տալիս: Հետևաբար՝ պիտի գտնվեն մարդիկ ու հասարակական կազմակերպություններ, ովքեր հանուն դրամաշնորհի՝ պիտի զբաղվեն ընտանեկան բռնություններ հայտնաբերելով ու այդ դեպքերը հանրայնացնելով: Նույն կերպ, երբ տարիներ առաջ մեր կառավարությունը հայտարարեց, որ ի դեմս Արդարադատության նախարարության՝ օրենք է պատրաստում ընտանեկան բռնությունների կանխարգելման նպատակով, այդ պահին նույն մոլորության մեջ էի:
Կարծում էի, որ մեր հ/կ-ների օրինակով կառավարությունն էլ է դրամաշնորհ կպցրել ու ուզում է «մի քանի կոպեկ փող աշխատել»: Հատկապես, որ մեր իշխանավորները հազվադեպ են անշահախնդիր որևէ դրական բան անում: Երկու օր առաջ Արդարադատության նախարարը մի քանի այլ պետական պաշտոնյաների հետ կազմակերպել էր ընտանեկան բռնությունների դեմ իրենց մշակած օրենքի հասարակական քննարկում: Այն սկանդալային ընթացք ունեցավ: Պետական պաշտոնյաները լքեցին քննարկման դահլիճը: Սույն «միջոցառումը» բավական լայն քննարկվել է մամուլում ու սոցցանցերում:
Օրենքի նախագծի հասարակական քննարկում կազմակերպելով՝ պետական չինովնիկները հավանաբար ենթադրել էին, որ ելույթներ կունենան, ընտանեկան բռնությունների մասին սովորական ու քրեական վիճակագրական տվյալներ կհրապարակեն: Ներկաները կցնցվեն, կհուզվեն, հնարավոր է՝ կտան հարցեր, որոնց իրենք խրոխտ-խրոխտ պատասխաններ կտան: Մինչդեռ պարզվեց, որ միջոցառմանը ներկայացել էին մարդիկ, ովքեր ոչ միայն ուսումնասիրել են այդ ոլորտը, այլև այլընտրանքային առաջարկներ ունեին:
Միջոցառմանը, բնականաբար, մասնակցում էին նաև մարդիկ, ում կարծիքով՝ ասենք, գերմանական մշակույթը եղկելի ու մերժելի է, որովհետև այս տարվա հոկտեմբերից այդ երկրում թույլատրվել է միասեռականների ամուսնության գրանցումը: Այդ մարդիկ, որպես կանոն, ֆրանսիական ողջ մշակույթից միայն «Մուլեն ռուժն» են տեսնում: Տեսնում են, դատապարտում ու մերժում, բնականաբար: Նրանց կարծիքով՝ մեր հնամենի ու առաքինի ազգն «ապականված» Արևմուտքից վերցնելու կամ սովորելու ոչինչ չունի:
Ասել, որ միջոցառմանը ներկա պետական պաշտոնյաների վարքն ու մտածելակերպը շատ տարբեր է, սխալ կլինի: Դիտարկենք թարմ օրինակների վրա: Անցած ամռան ընթացքում մեր երկրում երկու կին ձերբակալվեց ամուսիններին սպանելու մեղադրանքով: Դեպքերից մեկը կատարվել էր Վանաձորում, մյուսը` Սարդարապատում:
Երկու դեպքն էլ ապացուցում են, որ կենցաղում մենք երբեմն վայրենուց ցածր վարք ունենք: Վանաձորում խոսքը գնում էր, եթե կարելի է այդպես արտահայտվել, ցածր խավի ընտանիքի մասին: Իսկ Սարդարապատի պարագային խոսքը մտավորական ընտանիքի մասին էր:
Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը հայտնի մտավորական ընտանիքի դուստր է: Մարզպետի նախկին խորհրդական ամուսինը տարիներ շարունակ նվաստացրել ու կտտանքների էր ենթարկել կնոջը: Բոլորով գերադասեցինք նկատելու չտալ ու չվերլուծել կատարվածը: Հատկապես` իշխանությունները չնկատեցին կատարվածի մասին Սարդարապատի գյուղապետի հարցազրույցը «Հրապարակ» թերթին: 6 հազար 200 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի անուն-ազգանունն արժե, որ բոլորս իմանանք՝ Բաբկեն Վարդանյան:
Նա իր համագյուղացի, մարզպետի նախկին խորհրդականի ընտանիքում կատարվածը մեկնաբանում է այս կերպ. «Ասեմ ձեզ հետևյալ ձևով՝ կին ծեծելը լավ բան չի, բայց մեկ-մեկ պետք ա, առակն ասում ա՝ կնոջը գիշերով քնից հանես-ծեծես, էլի մեղավոր կլինի»: Թե որտեղ է սույն պարոնն այս առակը կարդացել՝ պարզ չէ, բայց դատելով նրանից, որ առածի ու ասացվածքի տարբերությունը չի նկատում, կարելի է պնդել, որ չի կարդացել ընդհանրապես, այլ լսել է: Բայց դա պակաս կարևոր է, քան այն, որ նա միանշանակ շարունակում է վայելել մեր վարչապետի վստահությունը: Այսինքն՝ շարունակում է պաշտոնավարել:
Ու նման աշխարհայացք ունեցող համայնքապետերով պետական ու տեղական կառավարում ու ինքնակառավարում իրականացնող կառավարությունը փորձում է օրենքի նախագիծ մշակել ընտանեկան բռնությունների դեմ: Հավանաբար հենց սա է պատճառը, որ մեզանում համամարդկային ու դեմոկրատական արժեքները ոմանց մոտ այլասերում ու անառակություն են ընկալվում: Հին Հռոմում վստահ էին, որ սենատոր-պատգամավորները պիտի ապրեն ապակյա տներում:
Իսկ մեր կառավարող կուսակցությունը մի կողմից՝ փորձում է ընտանեկան բռնությունների դեմ օրենք ընդունել, իսկ մյուս կողմից՝ հարցազրույցներ է տալիս կնոջը ծեծելու անհրաժեշտության մասին: Գուցե դա է պատճառը, որ մեր չինովնիկներն ապրում են պարսպապատ տներում, իսկ ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծն իսկապես գրանտ-դրամաշնորհի համար է: