«Հայաստանը երբեք խոչընդոտ չի եղել, և կարծում եմ՝ մենք մտադիր էլ չենք խոչընդոտ լինել ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը»
Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի հետ
– Տիկին Եսայան, հոկտեմբերի 11-ին Սոչիում կայանալու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցելու են նաև Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, իսկ տարածաշրջան այցից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ երկու նախագահները պատրաստակամ են՝ վերսկսել բանակցությունները։ Հնարավո՞ր է՝ Ռուսաստանի հովանու ներքո հենց Սոչիում կայանա այդ հանդիպումը։
– Ես չեմ կարող ասել՝ Սոչիում հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց անձամբ միշտ կողմ եմ, որ հանդիպումներ լինեն, որովհետև խնդիրը բանակցություններով, հանդիպումներով լուծելն ավելի ճիշտ է, քան պատերազմով լուծելը։ Եվ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացը վերսկսվի։ Իսկ դա հնարավոր է հանդիպումների կազմակերպման դեպքում։ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, և իր մանդատի իրավասությունների մեջ է նաև նման հանդիպումների կազմակերպումը կամ գոնե նախաձեռնումը։ Եվ ճիշտ կլինի, որ հանդիպում լինի։ Իմ համոզմամբ՝ հայկական կողմը միշտ պատրաստ է հանդիպումների։
Եթե նկատել եք, տարիների ընթացքում բանակցային գործընթացի պարալիզման կամ դադարեցման կամ ընդմիջումների պարագայում «մեղավորը» և հանդիպումների չգնացողը միշտ ադրբեջանական կողմն է եղել, իսկ մեր երկրի նախագահը միշտ պատրաստակամ է եղել այդ հանդիպումներին։ Մենք մշտապես ասում ենք, և դա մեր համոզմունքն է, որ խնդիը պետք է լուծվի բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով, մենք պատերազմ չենք ուզում։ Մենք պատրաստ ենք պատերազմի, բայց մենք պատերազմ չենք ուզում։
– Ադրբեջանի նախագահը պարբերաբար կրկնում է, թե չի կարող լինել երկրորդ հայկական պետություն, ռազմատենչ հայտարարություններ է անում ՄԱԿ ամբիոնից։ Այս պայմաններում ինչի՞ շուրջ կարող են բանակցել նախագահները։
– Գիտեք, Ադրբեջանի նախագահը կարող է ցանկացած հայտարարություն անել, բայց դա չի նշանակում, որ նրա արած բոլոր հայտարարությունները մենք պետք է հալած յուղի տեղ դնենք։ Դա նրա իրավունքը չէ՝ հայտարարել, թե չի կարող լինել հայկական երկրորդ պետություն։ Դա արդեն փաստ է, և երկրորդ հայկական պետությունն արդեն գոյություն ունի։ Ադրբեջանի նախագահի իրավասությունների շրջանակում չէ դա հերքելը կամ դրա մասին խոսելը։ Նա ուղղակի պետք է ինքն իրեն տեղափոխի ավելի սթափ դաշտ, իրականությանը ռեալ աչքերով նայի և հասկանա, որ կատարված փաստերի հետ չեն վիճում, դրանք ընդունում են ի գիտություն և փորձում են գնալ առաջ։ Եվ ճիշտ կլինի, որ ինքը սառը դատողությամբ Արցախի Հանրապետության արդեն շուրջ 25 տարվա գոյությունն ընդունի՝ որպես կատարված փաստ, և բանակցությունների սեղանին նստի այս մեկնակետից։ Որովհետև մենք բանակցությունների սեղանին նստում ենք այս մեկնակետից։
Մեզ համար Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի։ Թե Ադրբեջանի նախագահի խելքին ինչ կփչի, և ինչ հայտարարություններ կանի, դա նրա մտավոր, հոգեկան և այլ վիճակի ապացույցը կարող է լինել։ Բայց կատարված փաստ է, որ այսօր գոյություն ունի Արցախի անկախ Հանրապետությունը, և նա, եթե նստում է բանակցությունների սեղանին, պետք է նստի այս իրողությունն աչքի առաջ ունենալով։ Արցախն այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
– Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, թե Ադրբեջանին ԵԱՏՄ ընդունելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից, քանի որ Հայաստանը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից։ Ինչո՞վ է պայմանավորված այդ հայտարարությունը։
– Բնականաբար, ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների թիվը որքան մեծանա, այնքան լավ՝ նույն ԵԱՏՄ-ի համար։ Հայաստանը երբեք խոչընդոտ չի եղել, և կարծում եմ՝ մենք մտադիր էլ չենք խոչընդոտ լինել։ Բայց մենք մշտապես հայտարարել ենք, որ, եթե Ադրբեջանի անդամակցությունը պիտի կատարվի Արցախի Հանրապետության անկախության հաշվին, բնականաբար, մենք սա չենք կարող ընդունել։ Բայց, իհարկե, ԵԱՏՄ-ն որքան ընդլայնվի, նույն ԵԱՏՄ-ի համար՝ ավելի լավ։ Թե ինչու է նման հայտարարություն արել, երևի դա միայն Գլազևը կիմանա։ Բայց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ունի իր անփոփոխ գիծը, Արցախի անվտանգության երաշխավոր ենք մենք՝ որպես հանրապետություն, և Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի՝ որպես պետություն։ Եվ բոլոր մնացած հայտարարություններն ու գործողությունները, որ կլինեն Ադրբեջանի կամ Ռուսաստանի կողմից, պետք է արվեն այս իրողությունը հաշվի առնելով։ Այսինքն՝ պետք է ճանաչեն, ընդունեն Արցախի Հանրապետությունը և հետո գնան հաջորդ քայլերին։ Կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականությունը հենց այս ուղղությամբ էլ գնում է։
– Այսինքն՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը ՀՀ-ն դեմ չի՞ լինելու, կամ նախապայմաններ չի՞ դնելու։
– Չեմ կարող ասել, կարծում եմ՝ դա դեռ մոտ ապագայում չի լինելու։ Եվ չարժի քննարկել մի բան, որ դեռ գոյություն չունի։ Նման հարց օրակարգում այս պահին դրված չէ։ Կարծում եմ՝ նաև ԵԱՏՄ-ի օրակարգում դրված չէ։ Երբ որ կլինի, Հայաստանն իր դիրքորոշումը կարտահայտի։