Իմուն համակարգ. առողջության հետ կապված 7 խնդիր, որ առաջացնում է իմունիտետի թուլացումը

Steptohealth.ru-ն գրում է, որ իմուն համակարգը պատասխանատու է օրգանիզմի պաշտպանության համար։ Բազմազան բակտերիաները, վարակները, տոքսիններն ու այլ գործոններ կարող են վնասել առողջությանը՝ առաջացնելով իմունիտետի թուլացում։  Երբ իմուն համակարգը որևէ անտիգեն է հայտնաբերում, մեծացնում է հատուկ սպիտակուցների՝ հակամարմինների արտադրությունը։ Հակամարմինները հարձակման են ենթարկում պաթոգեն միկրոօրգանիզմներին՝ խոչընդոտելով հիվանդության զարգացմանը։

Խնդիրն այն է, որ հաճախակի սթրեսը, սխալ սննդակարգն ու որոշ հիվանդություններ բացասական ազդեցություն են գործում իմունիտետի վրա։ Իրավիճակը կարող է նույնիսկ այնքան բարդանալ, որ իմուն համակարգը դադարի ամբողջությամբ կատարել իր պարտականությունները։ Որպես հետևանք՝ մեծանում է տարբեր անոմալիաների զարգացման հավանականությունը, զարգանում են պաթոլոգիական ռեակցիաներ, որոնք ազդում են կյանքի որակի վրա։ Հենց այս պատճառով շատ կարևոր է սովորել ժամանակին նկատել այն նշանները, որոնք վկայում են իմունիտետի թուլացման մասին։ Եվ, իհարկե, հարկավոր է քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար՝ առաջին հերթին` դիմելով մասնագետի օգնությանը։

Ինչպե՞ս է արտահայտվում իմունիտետի թուլացումը

Հաճախակի վարակներ։ Քանի որ իմուն համակարգն օրգանիզմը պաշտպանում է վարակներից, բակտերիաներից ու սնկերից, դրա թուլացումը սպառնում է քրոնիկ վարակների առաջացմամբ։ Միզուղիների վարակները, բորբոքումները, նյութափոխանակության խանգարումները վկայում են այն մասին, որ օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ ձևով պաշտպանվել վնասակար միկրոօրգանիզմներից։

Կարդացեք նաև

Ալերգիա։ Ալերգիան զարգանում է, երբ իմուն համակարգը դադարում է ադեկվատ արձագանքել արտաքին միջավայրի «գործակալներին», օրինակ՝ փոշուն։ Այդ պատճառով ալերգիայի առկայությունը կարող է վկայել իմունիտետի թուլացման մասին։

Վերքերի դանդաղ ապաքինում։ Վերքերի լավացման ժամանակը կախված է վնասման տիպից ու աստիճանից։ Թեթև վնասվածքները սովորաբար արագ են ապաքինվում։ Քանի որ իմուն համակարգը մասնակցություն է ունենում այս գործընթացին, դրա աշխատանքի խանգարումները կարող են հանգեցնել նրան, որ վերքերն ուշ ապաքինվեն։ Վերքերի դանդաղ ապաքինումը մեծացնում է վարակների և բարդությունների առաջացման հավանականությունը։

Գրիպ և մրսածություն։ Հաճախակի մրսածությունը, գրիպը, վերին շնչուղիների վարակները վկայում են իմուն համակարգի կողմից հակամարմինների արտադրության նվազման մասին։

Թուլություն և հոգնածություն։ Հոգնածությունը կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Եթե հոգնածությունը քրոնիկ է դառնում և առաջանում առանց ակնհայտ պատճառների, հնարավոր է՝ թուլացել է իմուն համակարգը։ Այս դեպքում մարդն իրեն հոգնած է զգում արդեն առավոտյան ժամերից և չի կարողանում վերականգնվել նույնիսկ լավ հանգստանալուց հետո։ Որպես կանոն` քրոնիկ հոգնածությունն ուղեկցվում է ֆիզիկական թուլությամբ, ինտելեկտուալ կարողությունների վատացմամբ։ Քրոնիկ հոգնածությունն ու թուլությունը կարող են ուղեկցվել ջերմաստիճանի տատանմամբ, գլխապտույտներով, սրտխառնոցով և այլ նշաններով, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։

Մկանային ցավեր։ Իմունիտետի ու մկանային զանգվածի վիճակը փոխկապակցված են։ Սա նշանակում է, որ օրգանիզմի պաշտպանական կարողությունների անկումը կարող է առաջացնել մկանային ցավեր, հոդերի լարվածություն, ուժեղ գլխացավեր։

Դեղամիջոցների ոչ բավարար արդյունավետություն։ Իմունիտետի հետ կապված խնդիրների առկայության դեպքում հաճախ են հակաբիոտիկներ նշանակում, որոնք կարող են վերացնել վարակներն ու բակտերիաները։ Խնդիրն այն է, որ, երբ խնդիրն առաջանում է շատ ցածր իմունիտետի պատճառով, դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է, ինչը բարդացնում է բուժումը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս