«Հայ-թուրքական արձանագրությունները շատ թանկ գնով վաճառեցին Ադրբեջանին». Դավիթ Հովհաննիսյան

Արևելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված հարցազրույց-ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ, եթե խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին և բարձրացնում Ցեղասպանության հարցը, ապա դա ոչ թե նորմալացումն է, այլ հաշտեցումը.

«Ճիշտ է՝ միշտ ասում են, թե Ադրբեջանի ազդեցությունը թույլ չտվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները հաստատվեն Թուրքիայի խորհրդարանում, բայց իմ կարծիքով՝ այդպես չէ։ Շատ լավ հաշվարկված գործընթաց էր, որը նախ՝ հիմնված էր ամերիկյան հիմնական նախաձեռնության վրա, որի շուրջ հնարավոր եղավ ինչ-որ կոնսենսուս ստեղծել տարբեր այլ երկրների հետ միասին, բայց կարծում եմ, որ Թուրքիան նախ և առաջ՝ իր նոր քաղաքականությունն ԱՄՆ-ի ուղղությամբ շարունակեց, և երկրորդ՝ այս արձանագրությունները շատ թանկ գնով վաճառեցին Ադրբեջանին։ Թուրքիան ունեցավ լրջագույն նյութական և ոչ նյութական ձեռքբերումներ, և համեմատելով այն բանի հետ, թե ինչ իրեն կարող էր տալ այս հարաբերությունների հաստատման միջոցով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որոշակի կարգավորումը և ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելուց եկող շահը, հասկանում ենք, որ Թուրքիան ճիշտ հաշվարկել էր և շատ ավելի շատ բան շահեց՝ այս քաղաքականությունն անցկացնելով»։

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցն առկախված է, ինչը թույլ է տալիս հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունները դարձնել ոչ հայ-թուրքական հարաբերություններ, այլ թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-եվրոպական։

Ըստ Հովհաննիսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել նախ և առաջ այն ժամանակ, երբ Թուրքիայի և Հայաստանի ղեկավար ուժերը գան սկզբունքային որոշման, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն. «Դրանից հետո նոր գալիս են մյուս երկրների շահերը, որոնք կարող են ինչ-որ առումով որոշիչ դեր կատարել, բայց առաջնայինը երկու պետությունների որոշումներն են»։

Արևելագետը հավելեց, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է կողմնորոշվել։

ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի ժխտողական վերաբերմունքը, ըստ նրա՝ պայմանավորված է նրանով, որ չկարգավորված հարաբերությունները խաղաքարտ են Թուրքիայի ձեռքին. «Մենք աշխարհագրական առումով լավ դիրքում ենք գտնվում, և Թուրքիան փորձում է այդ խաղաքարտն օգտագործել այլ ուժերի հետ բանակցելու համար։ Դա նաև որոշակի շանտաժի հնարավորություն է՝ այլ ուժերի հետ հարաբերություններում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031