Բաժիններ՝

«Երեխան ընտանիքում է դաստիարակվում, ինչո՞ւ չէ, նաև այդ պատիժների կամ մահակի քաղաքականությամբ». Ազգագրագետ

«Պատճենելով եվրոպական նախագծերը՝ մենք շատ լուրջ սխալ թույլ կտանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը՝ խոսելով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին, որն այսօր դրվել է հանրային քննարկման:

Նրա խոսքով՝ ընտանիքը հայերի համար ամենակարևոր սոցիալական արժեքներից է, և հայկական ընտանիքն իր հայացքով ուղղված է դեպի ապագան. «Հայ ընտանիքն ընտանիք է՝ իր երեխաներով: Եթե այլ եվրոպական հասարակություններում մենք կարող ենք հանդիպել ընտանիք, որտեղ առանձնապես մտահոգված չեն երեխա ունենալով, պետք է ասեմ, որ հայկական հասարակությունում, որտեղ որոշակի առումով ավանդույթները պահպանվում են, նման բան մենք չենք տեսնում: Ամուսնական զույգն իրեն կայացած է զգում, երբ կան երեխաներ»:

Ս. Պողոսյանի համար զարմանալի է, որ առանձնացնում են բռնության տեսակը և հատուկ նախագիծ են մշակում հենց ընտանեկան բռնություն անունով. «1920-30-ական թվականներին Ավստրալիայում տեղաբնիկները, որոնք ամուսնացել էին եվրոպացիների հետ և ունեին խառնածին երեխաներ, նրանց երեխաներին վերցնում էին և հատուկ սոցիալական ինստիտուտներում փորձում էին ամերիկյան ձևով դաստիարակել: Ես համարյա նման բան եմ տեսնում: Երեխաները պետք է մեծանան իրենց ընտանիքում: Մենք գիտենք՝ ինչքան կարևոր են մանկության տարիները մարդու կայացման, ձևավորման համար: Մի տեսակ փակուղու առաջ կարծես կանգնենք: Հիմա, եթե ծնողներից որևէ մեկը երեխային որևէ բանում նախատի, ուրեմն՝ անպայման սոցիալական կառույցները կարող են միջամտել: Սա առնվազն զավեշտալի է ինձ համար, որովհետև երեխան ընտանիքում է դաստիարակվում, ինչո՞ւ չէ, նաև այդ պատիժների կամ մահակի քաղաքականությամբ, ու գտնում եմ, որ պետք է շատ զգույշ լինել այս հարցում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս