10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել ռեժիսոր Վահե Գևորգյանցը
«Այս ինչ բարդ հարց տվեցիր: Կինոմիությունից հարցնեիր՝ հանգիստ պատասխանեի»,- նման արձագանք տվեց ռեժիսոր Վահե Գևորգյանցը, երբ առաջարկեցի դառնալ 168.am-ի նախաձեռնած՝ ֆիլմեր առաջարկելու գործընթացի մասնակիցը՝ ներկայացնելով իր ամենասիրելի ֆիլմերի տասնյակը: Երկար ու բարակ մտածելուց հետո, այնուամենայնիվ, պարոն Գևորգյանցը մեզ ընձեռեց իր ոսկե ընտրանուն ծանոթանալու հնարավորությունը:
«Մենք ենք, մեր սարերը»
«Մենք ենք, մեր սարերը» Հենրիկ Մալյանի՝ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկարն է։ Այն նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1969 թվականին։
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու՝ ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել, ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին:
Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորձում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ, և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։
Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազին, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Նռան գույնը»
Հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի կողմից նկարահանված «Նռան գույնը» ֆիլմը պատմում է Սայաթ-Նովայի մասին: Ֆիլմում նկարագրվում են միջնադարյան նշանավոր հայ բանաստեղծ-աշուղի սիրո պատմությունը, նրա վերաբերմունքը կրոնի և ժողովրդի նկատմամբ: Ֆիլմերին հատուկ երկխոսությունները Փարաջանովի նշանավոր ֆիլմում փոխարինված են ոչ պակաս խոսուն պատկերներով:
Նշենք, որ երիտասարդ Սայաթ-Նովայի, Աննա թագուհու, «ժանյակներով աղջկա», պոետի մուսայի և համբարձման հրեշտակի դերերում հանդես է եկել Սոֆիկո Չիաուրելին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բարի հետք»
Հայ կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի «Բարի հետք» ֆիլմը պատմում է երևանյան մի ծերունու մասին, ով նկարում է ավտոտնակների վրա՝ ժանգոտ մետաղյա պատերը վերածելով ծաղկուն բնապատկերների:
«Բարի հետք» ֆիլմն արժանացել է Վիլնյուսի համամիութենական կինոփառատոնի Հատուկ մրցանակին և Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի Գլխավոր մրցանակին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ստալկեր» (Сталкер)
Ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմում պատմվում է մի արգելված գոտու մասին, որտեղ, ըստ շշուկների՝ կա մի սենյակ, որտեղ իրականանում են ամենանվիրական երազանքները: Դեպի այդ սենյակն են ուղևորվում ժամանակակից Գրողը (Անատոլի Սոլոնիցին) և հեղինակավոր Պրոֆեսորը (Նիկոլայ Գրինկո). յուրաքանչյուրն ունի իր պատճառները, որոնց մասին նախընտրում են չխոսել:
Իսկ այնտեղ նրանց ուղեկցում է Ստալկերը (Ալեքսանդր Կայդանովսկի):
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Նեբրասկա» (Nebraska)
Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա» ֆիլմը պատմում է Վուդրոու Թ. Գրանտի (Բրյուս Դերն) մասին, ով երջանկության նամակ է ստացել: Եվ հավատացել է դրան: Վուդրոուն ծեր է, կախում ունի ալկոհոլային խմիչքներից, և նրա մոտ սկսվում է Ալցհեյմերի հիվանդությունը: Ահա Վուդին ուղևորվում է դեպի Նեբրասկա նահանգի Լինկոլն քաղաք, որպեսզի ստանա նամակում խոստացված 1 մլն դոլարը: Այդ հարցում նրան օգնում է որդին՝ Դեյվիդը (Ուիլ Ֆորտե), ով, թեև հասկանում է, որ նամակը խաբեություն է, այնուամենայնիվ, ցանկանում է հորը մի փոքր երջանկացնել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ամադեուս» (Amadeus)
Ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից 1984 թվականին նկարահանված կինոնկարը հիմնված է Փիթեր Շեֆերի նույնանուն պիեսի վրա:
1781 թվական: Իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ Անտոնիո Սալիերին (Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ) հաջողությամբ կատարում է պալատական կոմպոզիտորի աշխատանքը: Սակայն, երբ հայտնվում է Մոցարտը (Թոմ Հալս), Սալիերին բացահայտում է, որ աստվածային երաժշտական պարգևը, որը նա այնքան ցանկանում է ունենալ, բաժին է հասել մեկ ուրիշին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Այն նույն Մյունհաուզենը» (Тот самый Мюнхгаузен)
1979 թվականին Մարկ Զախարովը սկսեց «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմի նկարահանումները, որի հիմքում ընկած է Գրիգորի Գորինի «Ամենաարդարը» ստեղծագործությունը:
Ֆիլմը պատմում է XVIII դարում ապրած բարոն Մյունհաուզենի (Օլեգ Յանկովսկի) կյանքի և սիրային արկածների մասին: Բարոնը ցանկանում է ամուսնանալ իր սիրելի Մարթայի (Ելենա Կորենևա) հետ, բայց եկեղեցին հրաժարվում է ամուսնացնել նրանց, քանի որ բարոնը կին ունի: Այս ամենից հոգնած Մարթան ցանկանում է, որպեսզի Բարոնը դառնա բոլորի նման, բայց Բարոնը չի ցանկանում և չի էլ կարող անել դա:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Տիեզերքով մեկ» (Across the Universe)
Կինոյի և թատրոնի ամերիկացի ռեժիսոր Ջուլի Թեյմորի «Տիեզերքի միջով» ֆիլմը, որը հիմնված է The Beatles-ի 34 երգերի վրա, պատմում է Ջուդի (Ջիմ Սթարջես) և Լյուսիի (Էվըն Ռէյչըլ Ուուտ) սիրո մասին, ովքեր հանդիպում են միմյանց 1968 թվականին և սիրահարվում: Այստեղից էլ հետևություն՝ հերոսներն անմասն չեն մնում գիտակցության նկատմամբ փորձարկումներից, քաղաքականությունից և Վիետնամի պատերազմից:
Բուռն իրադարձությունները չէին կարող չազդել նրանց անձնական կյանքի վրա: Զույգը շատ բանի միջով պետք է անցնի, որպեսզի հասկանա ամենագլխավորը. «All you need is love»…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ինձ պետք է երկինքը» (Up in the Air)
Ամերիկյան և կանադական ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Ջեյսոն Ռայթմանի տրագիկոմեդիան պատմում է հաճախ գործուղումների մեկնող կորպորատիվ իրավաբան Ռայան Բինգեմի (Ջորջ Քլունի) մասին: Նա փայլուն կարիերա ունի, բայց նույնը չի կարելի ասել անձնական կյանքի մասին: Կանանց հետ հարաբերությունները նրա աշխատանքային առօրյայի շարունակություն են, և ոչ ավելին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հրաշագործի աշունը»
Իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերային նվիրված հայկական վավերագրական կինոնկարի ռեժիսորներն են Ռուբեն և Վահե Գևորգյանցները: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականին։ Սցենարի հեղինակը Ռուբեն Գևորգյանցն է։
«Հրաշագործի աշունը» ցուցադրվել է Հռոմի Անկախ Կինոփառատոնում (Իտալիա), «Նիկա» (Ռուսաստան) և «Ուղերձ Մարդուն» (Ռուսաստան) մրցութային կինոփառատոներում, ինչպես նաև մասնակցել է ոչ մրցութային ծրագրերում՝ 21-րդ դարի Իմիջներ (DocFest (Հունաստան)), East Silver (Չեխիա):
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան