
Գիտնականներն ապացուցել են, որ կանայք ավելի շատ սիրում են դուստրերին, իսկ տղամարդիկ՝ որդիներին

Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են, որ հայրերն ու մայրերը անգիտակցաբար ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց սեռի զավակներին, չնայած այն բանին, որ նրանք պնդում են հակառակը: Գիտնականների եզրակացութունները հրապարակված են Journal of Consumer Psychology-ում։
«Այս առանձնահատկությունը բնորոշ է աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրող եւ ամենատարբեր մշակույթներին պատկանող մարդկանց, որոնք մասնակցել են չորս տարբեր գիտափորձերի: «Ինչպես մեզ է թվում, դա կապված է այն բանի հետ, որ կանայք իրենց ավելի շատ են կապում եւ իրենց ավելի շատ են տեսնում դուստրերի մեջ, նույնը վերաբերում Է տղամարդկանց ու որդիներին»,-հայտարարել է Քրիստինա Դյուրանտը՝ Նյու Ջերսիի (ԱՄՆ) Ռաթգերսի համալսարանից:
Դյուրանտն ու նրա գործընկերները որոշել են ստուգել՝ տարբերվում է արդյոք հայրերի ու մայրերի գործելակերպը իրենց սեռի եւ հակառակ սեռի զավակների նկատմամբ: Դրա համար նրանք հավաքել են մի քանի տասնյակ կամավորներից բաղկացած խումբ, որոնք ունեին դուստրեր ու արու զավակներ, եւ խնդրել նրանց՝ անցնել մի քանի պարզ հոգեբանական թեստեր:
Օրինակ, նման գիտափորձերից մեկում հոգեբանները ոչ մեծ գումար էին տալիս փորձի մասնակիցներին եւ խնդրում նրանց՝ այն բաժանել ընտանիքի անդամների միջեւ: Դեպքերի մեծ մասում հայրերն այդ փողերը փոխանցում էին իրենց որդիներին, իսկ մայրերը՝ իրենց դուստրերին, ընդ որում՝ նույն կերպ էին գործում ինչպես ԱՄՆ-ից կամավորները, այնպես էլ Հնդկաստանի եւ այլ երկրների բնակիչները, որտեղ գիտնականները գիտափորձեր էին անցկացնում:
Ամենից հետաքրքրականն այն է, որ բոլոր գիտափորձերից հետո հարցված նույն այդ մարդիկ պնդում էին, որ իրենք իրենց զավակներին հավասարապես շատ են սիրում: Ինչպես նշում են հետազոտողները, թե՛ հայրերը, թե՛ մայրերը այդպես էին գործում չգիտակցված՝ ենթարկվելով դեռեւս չբացահայտված բնազդներին:
«Այսօրինակ չգիտակցված նախապատվությունները կարող են դուրս գալ ընտանիքի շրջանակներից: Օրինակ, եթե կինը պատասխանատու է աշխատանքային ծառայության գծով առաջխաղացման որոշումների համար, նա կարող է չգիտակցված նախապատվությունը տալ կանանց: Նույնը վերաբերում է նաեւ տղամարդկանց: Եթե դա իրոք այդպես է, ապա մենք կարող ենք սկսել աշխատել նման նախապաշարումների հետեւանքների շտկման ուղղությամբ»,-ասել է Դյուրանտը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: