Անցանկալի սցենար
«Ես չեմ կարող որևէ դրական ելք կանխատեսել սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից, այն կլինի հերթականը, այն կլինի այնպիսի արդյունքներով, ինչպիսիք նախորդներն էին: Այսինքն՝ ըստ էության, ապարդյուն: Հակամարտող երկրների նախագահների ելույթներից երևում է, որ կողմերը, ինչպես նախկինում, պատրաստ չեն փոխզիջումների, որի դեպքում միայն կարելի է ակնկալել հակամարտության փափուկ կարգավորում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում սպասվող գագաթաժողովի արդյունքներին:
Մաքֆարլեյնը հիշեցրեց, որ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից և Սարգսյանը, և Ալիևը խոսեցին այն հարցերից, որոնք իրենց են պետք, բայց ոչ կարգավորման ընդհանուր փաթեթից: Ըստ նրա, բոլորի համար պարզ է, թե ինչ պետք է տեղի ունենա հակամարտության կարգավորման համար, սակայն դա ընդունելի չէ իրենց՝ կողմերի համար: Ուստի, վերլուծաբանի համոզմամբ, այս պարագայում որևէ դրական զարգացում կանխատեսելն անհնար է:
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի երկարամյա անորոշությունը պահպանվում է, ես որևէ նոր գործընթաց և զարգացում չեմ տեսնում: ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը կարողացավ կառուցողականորեն ներկայացնել հայկական կողմի համար շահավետ ընկալվող հարցերը, դրանցում ևս որևէ նորություն չտեսա, իսկ Ադրբեջանի նախագահի ելույթում հուսահատ ելևէջներ նկատեցի. ադրբեջանական կողմն այլևս հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ և հույսեր է կապում խնդրի պատերազմական ելքի հետ, ինչն անցանկալի սցենար է ոչ միայն Հայաստանի, միջնորդների, այնպես էլ ինքնին Ադրբեջանի համար, ինչն ակնհայտ է, այդ պատճառով եմ նշում՝ հուսահատ»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: