«Ընդունված է հնարավորության սահմաններում հրաժարվել մոնստրներ ստեղծելուց»

Բարձրագույն դատական խորհրդի նոր սահմանադրական կարգավիճակի հիմքում դրված կարգավորումները որոշակիորեն լուծել են Արդարադատության խորհրդի կազմակերպման և գործունեության հետ կապված գործնականում ի հայտ եկած խնդիրները, սակայն առանձին դեպքերում հենց այս նոր կարգավորումներն են որոշակիորեն խնդրահարույց թվում։

Այս մասին այսօր «Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրաիրավական զարգացումների լույսի ներքո» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով անդրադարձավ բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին։

«Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ դատական իշխանության անկախությունը ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկն է, քանի որ այն կոչված է ապահովելու օրենքի և, առաջին հերթին՝ իրավունքի գերակայության սկզբունքի կենսագործումը։ Քաղաքացիական հասարակության և իրավական-ժողովրդավարական պետության ձևավորման պահանջը կենսական անհրաժեշտության է դարձնում անկախ և հասարակության համար մատչելի դատական իշխանության ամրապնդումը։

Այս իրողության վառ ապացույցն է այն, որ ՀՀ-ում իրականացված դատաիրավական վերջին, սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական իշխանության կազմակերպման, գործառութային անկախության ապահովման խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են եղել։ Խնդրի արդիականության մասին է վկայում նաև միջազգային հարուստ նյութի առկայությունը դատական իշխանության անկախության ամենատարբեր ասպեկտների վերաբերյալ։

Կարդացեք նաև

2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 162-րդ հոդվածով սահմանված դատական իշխանության անկախության հիմնարար պահանջը ենթադրում է գործառնական, կառուցվածքային, նյութական և սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների և ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար։ Ընդ որում, խոսքը հավասարապես վերաբերում է դատական իշխանության անկախության երաշխավորմանը թե արտաքին, ոչ իրավաչափ ներգործությունից, թե ինքնին դատական իշխանության ներսից եկող հնարավոր ազդեցությունից։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ի թիվս այլոց, որպես դատական իշխանության ներքին և արտաքին անկախության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիք՝ բազմաթիվ երկրներում գործում են, այսպես կոչված, դատական խորհուրդներ, որոնց կազմակերպման և գործունեության առանձնահատկություններով հանդերձ՝ միավորում է դատական իշխանության անկախության երաշխավորման գերխնդիրը։

Մեր իրավական համակարգում այս կարևոր դերակատարումը ներկայումս վերապահված է ՀՀ Արդարադատության խորհրդին։ Սակայն Արդարադատության խորհրդի գործունեության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ ցույց տվեցին, որ վերջինիս կազմակերպաիրավական հիմքերն անհրաժեշտ և բավարար չեն ինքնին այդ մարմնի անկախության և հատկապես ներքին անկախության երաշխավորման համար»,- ասաց Գագիկ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ եթե բավարար չեն դատական իշխանության անկախության երաշխավորման համար պատասխանատու մարմնի գործունեության անկախության մեխանիզմները, ապա օբյեկտիվորեն անհնար է այդ մարմնի առջև դրված առաքելության իրացումը. «Այս մարմինը պետք է անկախ լինի թե օրենսդիր, թե գործադիր, և թե անգամ դատական իշխանությունից, քանի որ իրապես անկախ և արդյունավետ գործող Արդարադատության խորհուրդն է անկախ, անկողմնակալ և հաշվետու դատական համակարգի գոյության կաևորագույն գրավականը և նախապայմանը։ Եվ հենց այս խնդրի իրացման համատեքստում սահմանադրական բարեփոխումների արդյունքում փորձ է արվել նորովի կարգավորել Արդարադատության խորհրդի իրավահաջորդի՝ բարձրագույն դատական խորհրդի կազմի, կազմավորման կարգի, լիազորությունների իրավական հիմքերն՝ ի սկզբանե կանխորոշելով հետագա օրենսդրական կարգավորման շրջանակները»։

Անդրադառնակով բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական առաքելությանը՝ Գագիկ Ղազինյանն ասաց, որ երկրի հիմնական օրենքի մակարդակով ամրագրված է, որ բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը։ Ըստ նրա՝ այս մարմնին են վերապահվել դատական իշխանության անկախության երաշխավորման հետ կապված կարևորագույն լիազորություններ, որոնց շրջանակը, ի համեմատ 2005թ. փոփոխություններով սահմանադրական կարգավորումների, ընդլայնվել է, իսկ առանձին լիազորությունների վերապահմամբ՝ բարձրագույն դատական խորհրդի դերակատարումն ավելի է կարևորվել։ Բարձրագույն դատական խորհրդին են վերապահվել այնպիսի նոր լիազորություններ, ինչպիսիք են դատավորների՝ մեկ այլ դատարան գործուղելու հարցը լուծելու, իր և դատարանների ծախսերի նախահաշիվները հաստատելու և կառավարություն ներկայացնելու լիազորությունները։

Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ նշված լիազորությունների ցանկը սպառիչ չէ, բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորություններ և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով։ Գագիկ Ղազինյանը համոզմունք հայտնեց, որ բարձրագույն դատական խորհրդին պետք է վերապահել բացառապես վերջինիս՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի, սահմանադրական կարգավիճակից բխող լիազորություններ։ «Ինչ վերաբերում է կառավարչակազմակերպական, նյութատեխնիկական ապահովման գործառույթներին, ապա այդպիսիք, իհարկե, կարելի է ի վերջո կապել դատական իշխանության անկախության հետ (ամեն ինչ կարելի է կապել դատական իշխանության անկախության հետ, նույնիսկ դատավորի պատմուճանը, որ հանկարծ կառավարությունը չտա, այլ դատական իշխանության ինքնակառավարման մարմնի միջոցով ստացվի), սակայն մեր կարծիքով՝ դա դատական իշխանության անկախության՝ չափազանց լայն և անընդունելի մեկնաբանության արդյունք է։

Բացի այդ՝ բարձրագույն դատական խորհրդին դատական իշխանության անկախության երաշխավորման նպատակից բխող լիազորություններից բացի՝ նաև այդ նպատակի հետ ուղղակիորեն չկապված այլ լիազորություններով ավելորդ ծանրաբեռնելը կարող է ոչ միայն այդ մարմնին շեղել իր հիմնական նպատակից՝ հնարավորություն չտալով այն արդյունավետ կերպով իրացնել, այլև կարող է բերել հակառակ, ծայրահեղ արդյունքին։ Կարող ենք ունենալ չափազացն լայն լիազորություններով օժտված, իր հակակշիռը չունեցող մի մարմին, որի կողմից իր լիազորությունների պատշաճ իրականացման վերահսկման կամ այդ լիազորությունների սահմանն անցնելու դեպքում բավարար հակազդման մեխանիզմներ չեն լինելու։ Նկատի ունեցեք՝ սա անհիմն եզրակացություն կամ մտավախություն չէ։ Վերջին հաշվով՝ ընդունված է հնարավորության սահմաններում հրաժարվել մոնստրներ ստեղծելուց»։

Գագիկ Ղազինյանը նշեց, որ այսօր գործող Արդարադատության խորհրդի և՛ կազմը, և՛ ձևավորման կարգը շատ լուրջ խնդիրներ են առաջացնում։ Նրա խոսքով՝ միջազգային իրավական փաստաթղթերն անդրադարձել են խորհուրդների կազմին, և ընդհանուր տեսակետն այն է, որ դրանք պետք է հավասարակշռված լինեն, դատավորները չպետք է գերակշռեն, «որովհետև վերջին հաշվով՝ դատական իշխանության անկախությունն ապահովող ինքնավար դատական խորհրդի ստեղծումը չի նշանակում, որ դատավորներն ամբողջովին ինքակառավարվող պետք է լինեն։

Դատական իշխանության վարչական կառավարումը չպետք է ամբողջովին լինի դատավորների ձեռքում։ Ըստ այդմ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ խորհրդի կառուցվածքում պետք է նախատեսել այնպիսի անդամների ներկայություն, ովքեր դատական իշխանության մաս չեն և ներկայացնում են պետական այլ մարմիններ, հասարակության ակադեմիական կամ մասնագիտական շրջանակներ։ Վենետիկի հանձնաժողովի այս դիրքորոշման հիմնավորումն այն է, որ խորհրդի դերակատարումը վերաբերում է ոչ միայն դատական իշխանության անդամների շահերին, այլև հասարակության ընդհանուր շահերին»։

Ըստ նրա՝ խորհրդի դերակատարումը կոչված է բարձրացնել քաղաքացիների վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ՝ խորհրդի կազմում հավասար թվով դատավոր և ոչ դատավոր անդամների նախատեսումը կարող է բացառել կորպորատիվիզմը և սեփական նեղ շահերով առաջնորդվելու վտանգը։ Այս մտավախություններն արդիական են նաև գործող Արդարադատության խորհրդի կազմի տեսանկյունից։ Գործող իրավական կարգավորման պայմաններում խորհուրդը վեր է ածվել դատական իշխանության ներքին սպասարկման մարմնի՝ դրանում ընդգրկված մարդիկ ուզեն թե ոչ։

«Այդ մարմնի խնդիրն առավելապես դատական իշխանության ներքին նեղ խնդիրների լուծումն է, այնինչ խորհրդի գործունեության հիմնական նպատակը դատական իշխանության անկախության ապահովումն է, որը ոչ այնքան և ոչ միայն՝ դատական իշխանության, այլև առհասարակ պետության և հասարակության խնդիրն է։ Այս պայմաններում առավել քան ակնհայտ է խորհրդի ոչ իրավաչափ կախվածությունը դատական իշխանությունից։

Ներքին անկախության բացակայության խնդիրն առավել ակնհայտ է դառնում գոյություն ունեցող իրավակարգավորման պայմաններում, համաձայն որի՝ խորհրդի նիստերը հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի նախագահը։ Պատահական չէ, որ սահմանադրական բարեփոխումների հենց սկզբից խնդիր դրվեց ավելացնել ոչ դատավոր անդամների, մասնավորապես իրավաբան-գիտնականների թիվը խորհրդի կազմում և երաշխավորել վերջիններիս իրական մասնակցությունը դրա գործունեությանը, ինչը կարող էր նպաստել այս կառույցի, դրա գործունեության, արդյունքում՝ նաև ողջ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը և ամրապնդմանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերում քննարկվում է նաև վերջիններիս՝ որպես դատավորի լիազորությունների կասեցման խնդիրը։ Չնայած այն հանգամանքին, որ պետություններն իրենք են որոշում կայացնում դատական մարմինների խորհրդի կազմում անձանց լրիվ կամ ոչ լրիվ դրույքով ընդգրկվելու մասին, այնուհանդերձ անհրաժեշտ է ապահովել, որ դատական կարմինների խորհրդի կազմում ընդգրկված դատավորները չափազանց երկար ժամանակով չբացակայեն իրենց դատական գործունեությունից, որպեսզի հնարավորության սահմաններում դատական պրակտիկայի հետ կապը պահպանվի»։ Այս հարցի լուծումը թողնվել է Դատական օրենսգրքին։

Գագիկ Ղազինյանն անդրադարձավ նաև դատական խորհրդի կազմավորման կարգին: «Կարող ենք փաստել, որ բարձրագույն դատական խորհրդի նոր սահմանադրական կարգավիճակի հիմքում դրված կարգավորումները որոշակիորեն լուծել են Արդարադատության խորհրդի կազմակերպման և գործունեության հետ կապված գործնականում ի հայտ եկած խնդիրները, սակայն առանձին դեպքերում հենց այս նոր կարգավորումներն են որոշակիորեն խնդրահարույց թվում։

Խոսքը մասնավորապես վերաբերում է բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգի, վերջինիս լիազորությունների՝ չափազանց մեծ, կարծում ենք՝ չարդարացված շրջանակ վերապահելու հետ կապված մտավախություններին։ Այդուհանդերձ, այս կարգավորումների վերաբերյալ վերջնական հստակ եզրահանգում կարող է արվել միայն ճյուղային օրենսդրության մեջ դրանց ինկորպորացման և դրանց գործնական կիրառման արդյունքում»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս