«Դատավորների մեծամասնությունը դատավորների անկախությունն ապահովող մարմնում իրականում կարող է լուրջ վտանգ ստեղծել». Արփինե Հովհաննիսյան

Սահմանադրական կարգավորումները բավական լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք դատարանների անկախության պատշաճ երաշխավոր հանդիսացող մարմին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում բարձրագույն դատական խորհրդի ստեղծման մասին։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Նոր կարգավորման համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:

Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ վերջնական ճշմարտության տեսքով չի կարող պնդել, որ երաշխավորում է՝ որևէ խնդիր չի լինելու. «Չեմ կարող այդպիսի պնդում անել մի պարզ պատճառով։ Մենք ունենք նոր իրողություններ, որոնց հետ պարտավոր ենք համակերպվել և որոնց միջով պարտավոր ենք անցնել՝ հասնելու ինչ-որ նպատակի։ Դա սահմանադրական նոր կարգավորումներն են խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում և բարձրագույն դատական խորհրդի գաղափարն ինքնին։ Առաջին անգամ սկզբունքորեն ստեղծվում է մի մարմին, որը լինելու է դատական իշխանության անկախության երաշխավորը, և որտեղ դատավորները մեծամասնություն չեն լինելու։

Կարդացեք նաև

Սա ինքնին արդեն խոսուն փաստ է։ Համարում եմ, որ դատավորների մեծամասնությունը դատավորների անկախությունն ապահովող մարմնում իրականում կարող է լուրջ վտանգ ստեղծել, որ դա կլինի ոչ թե դատական իշխանության անկախության երաշխավորը, այլ հակառակը՝ դատավորների շահերի ներքին սպասարկման համար նախատեսված մարմին։ Այս առումով կարծում եմ, որ սահմանադրական կարգավորումներն իրականում բավականին լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք անկախության՝ պատշաճ երաշխավոր հանդիսացող մարմին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ շատ հանգամանքներ կախված են նաև Դատական օրենսգրքից, որը շուտով ներկայացվելու է խորհրդարանի դատին։

«Դատական օրենսգիրքը պիտի ընթացակարգեր ներկայացնի խորհրդարանի դատին ներկայացվող անդամների ընտրության կարգի հետ կապված, որովհետև այդ մարմնի անդամների մի մասն ընտրվելու է՝ դատավորների ընդհանուր ժողովի, մյուս մասը՝ Ազգային ժողովի կողմից։ Մենք բոլորս հրապարակային հնարավորություն կունենանք հետևելու և մասնակցելու այդ քննարկումներին, բայց այս պահի դրությամբ, կարծում եմ, առկա են բավարար կարգավորումներ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս