«Ռուսաց լեզվի ուսուցումը խորացնելու հանձնարարականը չի եղել այս վարչապետի ժամանակ, եղել է Աբրահամյանի ժամանակ». Անահիտ Բախշյան
«Ես այդ տեղեկությունն իմացա Մոսկվայի իմ բարեկամից, որ նախկին Լազարյան եղբայրների անվան ճեմարանն օպտիմալացվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադառնալով Ա. Բախշյանի դեռ օրերս բարձրացրած այս խնդրին՝ նշել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Ռուսաստանի կրթության նախարարը, նրան նախ շնորհակալություն են հայտնելու դպրոցի գոյությունը պահպանելու համար և քննարկելու են դրա հետագա ճակատագրի հարցը. «Իրենք այսօր գործող դպրոց են: Որ վտանգ կա՝ կարող է: Դրա համար այս այցի կետերից մեկը դա է լինելու»:
Ա. Բախշյանի խոսքով՝ այդ դպրոցում կրթություն են ստացել ոչ միայն հայ մեծեր, այլև շատ ռուսներ. «Եթե Լազարյան ճեմարանի պատմությունը նայենք, դա եղել է Ռուսաստանի լավագույն դպրոցներից մեկը: Այսօր այն օպտիմալացվում է: Ուզում եմ նաև հիշեցնել, որ տնօրենն ամռանը եղել է այստեղ, ու մեր կրթության նախարարին ինքն է բողոքել, որ հայ երեխաները գալիս են Ռուսաստան ու ռուսերեն լավ չեն խոսում: Հիմա, չգիտեմ՝ որն է ճիշտ, նախարարը մի օր ասում է՝ տնօրենը ինձ ասաց, մի օր ասում է՝ վարչապետը հանձնարարեց, հիմա ասում է՝ չէ, ոչ մեկը, ոչ մյուսը, և ընդհանրապես ռուսաց լեզվի վրա չենք սևեռվում, պարզվեց, որ ընդամենը օտար լեզուն են կարևորում»:
Դիտարկմանը, թե հատուկ հայեցակարգ կա կոնկրետ ռուսաց լեզվի համար՝ Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Ես գիտեմ, որ կա, բայց երեկ հրաժարվեցին: Այդ հանձնարարականը չի եղել այս վարչապետի ժամանակ, եղել է Աբրահամյանի ժամանակ, բայց չգիտես՝ ինչու, այնտեղ սուս արած մնացել էր, ու հանկարծ այսօր էլի պարզվեց, որ դրա անհրաժեշտությունը շատ կա, որովհետև Լազարյան դպրոցի տնօրենը եկավ, բողոքեց ու ասաց՝ հայ երեխաները ռուսերեն չեն խոսում»:
Խոսելով այն մասին, թե ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ՌԴ և ՀՀ ԿԳ նախարարների հանդիպումից՝ Ա. Բախշյանն ասաց. «Ես չգիտեմ՝ իրենք թաքուն ինչ կխոսեն, բայց ես իր հրապարակած ոչ մի խոսքին արդեն չեմ հավատում»: