«Հրանտ Բագրատյանի գիրքը շատ կարևոր է Հայաստանի տնտեսական գիտությունը միջազգային ասպարեզում նոր մակարդակի դուրս բերելու համար». Հայկ Ղազարյան
Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Հայկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի «Մեգաէկոնոմիկա» գիրքը, ինչի առիթով հպարտությամբ շնորհավորում ենք մեր հայրենակցին` մեծանուն գիտնականին և ցանկանում ստեղծագործական նոր հաջողություններ։
«Մեգատնտեսությունը» տնտեսական տեսության ճյուղ է, որն ուսումնասիրում է համաշխարհային արտադրության խնդիրները: Համաշխարհային տնտեսությունը, որն ազգային տնտեսությունները միավորում է մեկ համակարգի մեջ՝ աշխատանքի միջազգային բաժանման միջոցով:
Այն ներառում է ամբողջ աշխարհի վրա ազդող համաշխարհային տնտեսական գործընթացները՝ ներկայացնելով տնտեսական համակարգի ամենաբարձր մակարդակը: Միավորում է ազգային տնտեսությունները, մեգապոլիսները, մեգանախագծերը և ցանցերը՝ ձևավորելով զարգացումը գլոբալացման և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում: Մեգատնտեսագիտությունն ուսումնասիրում է համաշխարհային տնտեսության օրինաչափությունները, ներառյալ միջազգային կորպորացիաների գործունեությունը և միջազգային տնտեսական հարաբերությունները:
Հրանտ Բագրատյանի` վերջերս լույս տեսած «Մեգաէկոնոմիկա» աշխատությունը այդ մասին է և տնտեսագիտության ոլորտում լինելով նորություն ու նոր տեսություն տնտեսագիտության մեջ, իրենից գիտական լուրջ արժեք է ներկայացնում, բարձր գնահատականի է արժանացել տարբեր երկրների առաջատար տնտեսագետների կողմից և լուրջ հայտ է հեղինակին` աշխարհի լավագույն տնտեսագետ-գիտնականների շարքը դասելու համար։ Գիրքը շատ կարևոր է Հայաստանի տնտեսական գիտությունը միջազգային ասպարեզում նոր մակարդակի դուրս բերելու և հայ տնտեսագիտական միտքը աշխարհի տնտեսագիտական և գործարար շրջանակներին ներկայացնելու և հայտնի դարձնելու համար։
«Ազգերը, ժողովուրդներն աշխարհին ներկայանում են գիտության միջոցով, իսկ նրանք, որոնք դա չեն անում, պարզապես վերածվում են հետամնաց գաղութների» 20-րդ դարասկզբին Ֆրանսիայի քոլեջներից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆրանսիացի ականավոր ֆիզիկոս Պիեռ Կյուրին։ Իսկ գրքի հեղինակը` Հրանտ Բագրատյանը ի պատիվ իրեն և հայ ժողովրդի, արդեն մեծ հռչակ է վայելում հանրապետության սահմաններից դուրս, պատվավոր դոկտոր է մի շարք երկրների հեղինակավոր համալսարանների և խորհրդատվության ու դասախոսություններ կարդալու` իր արժեքավոր գիտելիքներով կիսվելու նպատակով պարբերաբար հրավերներ է ստանում այնպիսի զարգացած գիտություն ու տնտեսություն ունեցող երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, ԱՄՆ-Ը, Ռուսաստանը և այլ երկրներ։ Գիրքը կարող է օգտակար լինել լայն շրջանակների համար, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների գիտական-հետազոտոկան, կառավարող, գործարար շրջանակների և բարձրագույն կրթության ոլորտի հաստատությունների համար։ Մեգաէկոնոմիկան, որպես նոր առարկա և տնտեսագիտության մեջ նոր ուղղություն կարող է դասավանդվել բարձրագույն ուսումնական հաստատություններում ու վերապատրաստման դասընթացներում»:
