Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան. Լինդա Էուլջեքչյան
Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14–ին ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը։ Հաջորդ օրը` հունվարի 15–ին, ամուսնուն տեսնելու համար Հայաստան եկավ նրա կինը։
«Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասել է Լինդա Էուլջեքչյանը։
Նա նշել է, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն օր 3-4 ժամ խոսում են տեսազանգով։
Լինդա Էուլջեքչյանը նշել է, որ ամուսինն ուզում է մնալ և ապրել Հայաստանում, չի ուզում վերադառնալ Լիբանան, և միակ պատճառը, որի համար պիտի մեկնի, որդու հարսանիքն է։ Այդ նպատակով Վիգենը մտադիր է Լիբանան մեկնել ընդամենը մեկ շաբաթով, իսկ հետո նորից վերադառնալ Երևան։
«Մենք չէինք կարող տոմսեր գնել ընտանիքի բոլոր անդամների համար, որպեսզի հարսանիքը Հայաստանում անեինք, և այդ պատճառով հանդիսությունը Լիբանանում կկայանա»,– ընդգծել է նա։
Նրա խոսքով` հարսանիքի ստույգ օրը դեռ հայտնի չէ, քանի որ ամուսինը պետք է Լիբանան հասնի և այդ հարցը քննարկի որդու հարսնացուի ընտանիքի հետ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
