Դետրոյթում մեքենան սրընթաց մտել է օդանավակայանի շենք. վիրավորվել է 6 մարդ
Ուրբաթ երեկոյան ավտոմեքենան մխրճվել է Ուեյն շրջանի Դետրոյթի օդանավակայանի շենք՝ բախվելով տոմսարկղին և վիրավորելով վեց մարդու, տեղեկացնում է Associated Press-ը:
Ուեյն շրջանի օդանավակայանի վարչակազմը հայտնել է, որ վարորդը ձերբակալվել է:
Դեպքի պատճառը դեռևս անհայտ է, օդանավակայանի ոստիկանությունը քննություն է անցկացնում: WCAA հրշեջ ծառայությունը տեղում օգնություն է ցուցաբերել վեց տուժածներին:
Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է Delta Air Lines-ի սպասարկման սեղանների մոտ՝ հավանաբար մեկնման սրահում, բաց կապոտով կանգնած չորսդռնանի կապույտ սեդանը: Մուտքի մոտ գետնին ապակու կտորներ ու այլ բեկորներ են թափված, իսկ տարածքը շրջափակված է ոստիկանական դեղին ժապավենով:
