Ինդոնեզիայում սողանքի հետևանքով զոհվել է 7 մարդ, 82-ը անհետ կորել է
Յոթ մարդ զոհվել է, իսկ 82-ը անհետ կորել են Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում սողանքի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի բնական աղետների հետևանքների մեղմման գործակալությանը՝ այս տարածաշրջանում ուժեղ տեղումների մասին հաղորդագրությունների ֆոնին։
Տեղական պաշտոնյան հայտնել է, որ սողանքը փլուզվել է Արևմտյան Բանդունգի շրջանում գտնվող գյուղի վրա։
«Անհետ կորածների թիվը մեծ է, մենք կփորձենք այսօր առավելագույնս արդյունավետ կազմակերպել որոնողա-փրկարարական աշխատանքները»,- ասել է Reuters-ին գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարին։
Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալությունը ավելի վաղ նախազգուշացրել էր ծայրահեղ եղանակային պայմանների մասին, ներառյալ Արևմտյան Ճավայում սպասվող ուժեղ տեղումները, որոնք կշարունակվեն մեկ շաբաթ՝ սկսած ուրբաթ օրվանից, հայտնում է տեղական Kompas.com-ը։
