«Երկար ապրելն իմաստ չունի, եթե կյանքի որակն այնքան լավը չէ, որքան կարող է լինել». Արա Դարզի

Սեպտեմբերի 22-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք և Մարի Մանուգյան» սրահում տեղի ունեցավ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավար, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լորդ Արա Դարզիի հանրային դասախոսությունը՝ նվիրված «Նորարարություն. որակ և անվտանգություն» թեմային:

Աշխահի լավագույն վիրաբույժներից մեկը՝ Արա Դարզին դասախոսության ընթացքում անդրադարձավ վերջին 10-15 տարիների ընթացքում առողջապահական համակարգի ոլորտում իր կատարած աշխատանքներին՝ նշելով, որ առողջապահական ոլորտի որակը և ապահովությունն այն է, ինչն ամենամոտիկն է իր սրտին: 

1960թ. Բաղդադում՝ Եղեռնից փրկված հայերի ընտանիքում ծնված Արա Դարզին (Թերզյան) կարևորում է առողջության պահպանման հարցում տեխնոլոգիաների կիրառումը.

«Վերջին 100 տարվա ընթացքում տեխնոլոգիաների զարգացման, մասնագիտական գրականության և դրանց թարգմանության շնորհիվ կյանքի միջին տևողությունը երկարել է: Բայց, որքան էլ նորարարությունները երկարացնում են կյանքը, այս դարի մարտահրավերն այլ է. մենք պետք է ավելի շատ կյանք ներդնենք մեր ապրելու մեջ, որովհետև երկար ապրելն իմաստ չունի, եթե կյանքի որակն այնքան լավը չէ, որքան կարող է լինել»:

Համաշխարհային հռչակ վայելող վիրաբույժ Արա Դարզին դասախոսության ընթացքում ներկայացրեց առողջապահության ոլորտում հեղափոխական Hark բջջային հավելվածը: Միայն մեկ հավելվածի միջոցով, որը պարունակում է ամբողջ ինֆորմացիան պացիենտի մասին, հեշտանում է հիվանդ-բժիշկ հարաբերությունները: Այլևս կարիք չկա գնալ հիվանդանոց՝ խորհրդատվության համար: 

Բժշկական սխալի եզրույթի մասին հարցին ի պատասխան՝ արդյո՞ք եզրույթը պետք է մնա բժշկության ոլորտում, թե պետք է հանրային հնչեղություն ստանա և հայտնվի իրավական ոլորտում, Արա Դարզին ասաց. «Իհարկե, բժշկական սխալն այնպիսի բան է, որ կարող է պատահել: Բայց սխալներ բոլորն էլ անում են և սխալները նրա համար են, որպեսզի մենք սովորենք դրանցից, ոչ թե ցանկանանք պատժի ենթարկել: Սխալը սխալ է, մենք բոլորս էլ անում ենք սխալներ: Բայց հասարակությունը պետք է ինֆորմացված լինի, որպեսզի կարողանա դրանից հետևություններ անել: Եվ եթե այն ընդհատակ անցնի, ավելի շատ սխալներ կլինեն, որոնց մասին մենք չենք իմանա, և դա ավելի վտանգավոր կլինի»:

Կարծիք հայտնելով Ալբերտ Էյնշտայնի հետևյալ՝ «Ինչքան շատ տեխոլոգիաներ ենք մենք օգտագործում, այնքան հիմար ենք դառնում» մտքի վերաբերյալ, Արա Դարզին ասաց. «Ճիշտ է: Տեխնոլոգիաները կարող են շատ օգտակար լինել ինֆորմացիա ստանալու և տարածելու համար, բայց վտանգն այն է, որ դրանց պատճառով հաղորդակցման մեջ մենք կորցնում ենք մեր անհատականությունը, և անհանգստացնող է տեսնել՝ ոնց է նոր սերունդն անցնում այս ամենի միջով: Կարծում եմ՝ պետք է տեխնոլոգիաների կիրառումը հավասարակշռությամբ ուղեկցվի, որովհետև նորագույն տեխնոլոգիաների պատճառով մենք ոչ միայն դառնում ենք հիմար, այլև վերածվում ենք այդ մեքենաների ստրուկների»:

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս