Տարբեր կամ անտարբեր վեցերորդը
Իր պաշտոնավարման սկզբին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նախկինում Հայաստանի իշխանությունները ճիշտ չեն աշխատել Սփյուռքի հետ: Հայտարարեց ու որոշեց ճիշտ աշխատել: Հայաստան-Սփյուռք առաջին համահայկական հավաքը գումարվեց 1999թ սեպտեմբերին, ու որոշվեց հավաքվել երեք տարին մեկ:
Որոշումն առժամանակ ճշգրիտ իրագործվեց: 2002-ին գումարվեց երկրորդը, 2006-ին` երրորդը: Դրանք այդ պահին պաշտոնապես անվանվում էին «Վեհաժողովներ»: Հետո` 2008-ին, ստեղծվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ու համահայկական ժողովները գրաֆիկից ընկան: Հաջորդ` չորրորդ համահայկականը, հրավիրվեց 2011-ին:
Որևէ հետազոտող տրամաբանական վերլուծություն չի կատարել, բայց մեզ մնում է արձանագրել, որ Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո չորրորդ ու մնացյալ համահայկականները, «խորհրդաժողովի» փոխարեն՝ պաշտոնապես սկսեցին կոչվել «համաժողովներ»:
Հուսանք, որ ապագա հետազոտողները կգտնեն վերանվանումների խորիմաստ բացատրություններ: Մեզ մնում է փաստել, որ 5-րդ և 6-րդ համաժողովները գումարվեցին նախկին գրաֆիկով` երեք տարին մեկ:
Վեցերորդը գումարվեց 2017թ. սեպտեմբերի 18-20-ը: Չի կարելի միանշանակ պնդել, որ սխալ է եզրակացնելը, թե այն ոչնչով չտարբերվեց նախորդներից: Թե այս, թե տրամագծորեն հակառակ պնդումները կարելի է փաստարկել ու հիմնավորել: Հեռավոր 1999-ին սպասումը մեծ էր:
Համահայկական հավաքի փաստից ոգևորված՝ հայ բժիշկների, գրողների, հայագետների, կարծեմ՝ նաև ուսուցիչների առանձին միավորումներ ստեղծելու փորձեր արեցին: Հետո նման փորձեր չեղան: Ստեղծված միությունների ճակատագիրն էլ անլուր մնաց: Օրինակ, 2003թ. տեղի ունեցավ Տեղեկատվական միջոցների Հայաստան-Սփյուռք առաջին (ու, կարծեմ՝ նաև վերջին) համաժողովը: Ժամանակը ցույց էր տալիս, որ նման մասշտաբային հանդիպումները, որպես կանոն, գործնական հետևանքներ չեն ունենում:
Հավանաբար այդ պատճառով հայաստանյան իշխանությունների սպասումները համահայկական համաժողովից կամաց-կամաց կրճատվեցին: Այլապես դժվար է բացատրել, թե ինչու համաժողովի աշխատանքային օրեր ընտրվեց սեպտեմբերի 18-20-ը: Օրերն ընտրող հայաստանյան պատասխանատուները, հարկավ, պիտի տեղյակ լինեին ՀՀ Նախագահի աշխատանքային գրաֆիկից: Համահայկական ժողովին ՀՀ նախագահի մասնակցությունը պիտի որ կարևոր պայման դիտարկվեր:
Բայց աշխատանքային օրերը տարօրինակորեն «համընկան» ՀՀ նախագահի հարգելի բացակայության հետ: ՀՀ Նախագահը ՄԱԿ-ում ելույթ ուներ, հետևաբար՝ մեր սփյուռքահայ հայրենակիցներն առերևույթ չեն կարող դժգոհել, որ իրենց այդքան պատկառելի ներկայությամբ անցկացվող ժողովին նախագահը, մեղմ ասած, մասամբ էր ներկա: Այս փաստն առանձնահատուկ կարևորվում է նրանով, որ Սփյուռքն այս անգամ ավելի համարձակ էր: Եթե կարելի է այդպես արտահայտվել: 71 երկրից ժամանած մոտ 1500 սփյուռքահայերի մեջ կային մարդիկ, որ հայտարարեցին, թե ուզում են մասնակցել հայաստանյան ներքին գործընթացներին:
Առանձին սփյուռքահայեր նույնիսկ քննադատեցին մեր իշխանություններին իրենց նկատմամբ վերապահ դիրքորոշման համար: Այլ կերպ ասած, Սփյուռքը կամաց-կամաց բանաձևում է, որ իրեն չի բավարարում, այսպես ասած, «կթու կովի» կարգավիճակը: Միանգամից պետք է նշել, որ այս ձևակերպման հարցում նրանք միանշանակ ճիշտ են: Հատկապես, որ վերջին տարիներին առանձին սփյուռքահայ գործիչներ ու մտավորականներ փորձել են ակտիվ մասնակցություն ունենալ ներհայաստանյան գործընթացներում:
Ավելին, օրինակ, ԱՄՆ գաղութում որոշակի քայլեր կատարվեցին՝ ի աջակցություն «Սասնա ծռերի»: Բայց այդ քայլերը ևս մնացին նույն ֆինանսական աջակցության շրջանակներում: Միակ տարբերությունն այն էր, որ այս անգամ ֆինանսական աջակցություն ցուցաբերվում էր ոչ թե հայաստանյան կրթական, հոգևոր, մշակութային կամ իշխանական կառույցներին, այլ` արմատական ընդդիմությանը: Այսօր պարզ է, որ նման կրավորական դիրքորոշումն այլևս չի բավարարում Սփյուռքին: Մյուս կողմից՝ մեր իշխանությունները պարզ տեսնում են, որ Սփյուռքն առանց հայաստանյան կառույցների միջամտության՝ չի կարողանում ինքնակազմակերպվել՝ որպես միասնական կառույց:
Հետևաբար՝ սփյուքահայերը՝ որպես անհատ կամ առանձին գաղութ, որքան էլ դժգոհեն հայրենիքի իշխանություններից, միևնույն է, ի վիճակի չեն ազդելու նրանց որոշումների վրա: Իսկ մեր իշխանություններն էլ գիտեն, որ տեսակի պատկանելության զգացումը և հայրենասիրությունը պարզ մարդկային զգացումներ են, որոնք միշտ բնորոշ են լինելու սփյուռքահայերին: Հետևաբար՝ մեր իշխանությունները միշտ էլ հնարավորություն են ունենալու խաղալ այդ նուրբ լարերի վրա: Բայց միայն մեր իշխանություններին մեղադրել ևս միակողմանի կլինի:
Մեր Սփյուռքը տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ է հատկացնում հայաստանյան մշակութային, ընկերային, պետական, կրթական ոլորտներին՝ ոչ մի լումա չտրամադրելով քաղաքացիական հասարակության ձևավորման գործին: Այլ կերպ ասած՝ այսօր Սփյուռքն ասում է, որ ուզում է գործուն մասնակցություն ունենալ մեր ներքաղաքական կյանքում՝ նույնիսկ չուսումնասիրած, թե ինչ է այդ «ներքաղաքական կյանք» ասածը: Դժվար է հասկանալը, թե ինչպես է դա հնարավոր: