«ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ մենք նաև կկորցնենք մեր անվտանգության երաշխիքները». Տնտեսագետ

Օրերս Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ (ԵՄ) հարաբերություններին և համագործակցությանը: Ավելին, նա նշեց, որ այս տարի Հայաստանի արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ:

168.am-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, խոսելով վարչապետի այս հայտարարության մասին, նշեց, որ ինքը բազմիցս նշել է, որ ԵԱՏՄ-ի երկրներից մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է. «Մեր առևտուրը Ղրղըզստանի հետ առանձնապես չի ավելանում, Ղազախստանի հետ չի ավելանում, Բելառուսի հետ չնչին է ավելացել: Այսինքն՝ հիմնական առևտուրը Ռուսաստանի հետ է, դա էլ այն մասշտաբով չի ավելանում, որովհետև մենք նոր ապրանքներ շատ չունենք, մեր տեսականին սահմանափակ է, իսկ ԵՄ-ն նախկին տարիներին էլ միշտ եղել է Հայաստանի առաջին առևտրային գործընկերը, իսկ Ռուսաստանը եղել է երկրորդ տեղում: Հիմա, քանի որ մեր արտաքին առևտուրը ԵՄ երկրների հետ շարունակում է մնալ նույնը, դա մնում է լավ մակարդակի վրա: Ընդ որում, Շվեյցարիայի հետ մեր արտաքին առևտուրն ավելանալու տենդենց ունի՝ գինիների և որոշ ապրանքնրի գծով»:

Տնտեսագետի խոսքով՝ որպեսզի մեր արտահանումը խթանվի, երկու խնդիր պետք է լուծվի՝ կա՛մ մենք պետք է նոր տեսականիներ ավելացնենք, կա՛մ մեր՝ ԵԱՏՄ-ի գործընկերները պետք է իրենց գնողունակությունը բարձրացնեն, այսինքն՝ նոր ապրանքների հայտեր կամ հին ապրանքների քանակի հայտեր տան. «Բայց իրենց երկրում էլ առանձնապես լավ վիճակ չէ: Երբ 2014 թվականին Ռուսաստանի վիճակը վատացավ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի վիճակն էլ վատացավ: Դրա համար միշտ տարբեր տարիների առաջին տեղում եղել է Եվրամիությունը: Միայն 2016 թվականին, երբ Ռուսաստանը սկսեց ճգնաժամից առողջանալ, այդ պահին, այդ շրջանում մի քիչ ռուսական կողմի հետ առևտուրը գերակշռեց, որը վերագրվեց ընդհանուր ԵԱՏՄ-ի մասով, բայց մենք հիմա նորից գալիս ենք հին մակարդակին: Այսինքն՝ ԵՄ-ն մնում է առաջին տեղում, երկրորդ տեղում՝ Ռուսաստանը կամ ԵԱՏՄ-ն»:

Անդրադառնալով խորհրդարանական «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը՝ տնտեսագետը նշեց, որ հիմա դրա ժամանակը չէ. «Որովհետև հիմա Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ ընկնելու, Ռուսաստանին նեղացնելու, Ռուսաստանին լքելու ժամանակը չէ: ԵԱՏՄ-ից դուրս գալը բացարձակապես չի նշանակում, որ մեր առևտուրը ԵՄ-ի հետ կավելանա: Այսինքն՝ այնպես չէ, որ մենք ապրանքի կեսը տալիս ենք ԵԱՏՄ, դրա համար ԵՄ չենք տալիս: Ընդհակառակը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ մենք նաև կկորցնենք մեր անվտանգության երաշխիքները, որովհետև Ռուսաստանն անպայման կանցնի այն նույն քայլերին, ինչն արեց Վրաստանի հանդեպ, Մոլդովայի կամ Ուկրաինայի հանդեպ՝ քաղաքական կոնֆլիկտներ կստեղծի, կարող է գազը դադարեցնի, արհեստական պայթեցնի, վերանայի պայմանագիրը, տարբեր եղանակներով մեզ փորձի խեղճացնել»:

Մեր ճշտող հարցին, թե, փաստորեն, Դուք համաձա՞յն եք վարչապետի այն դիտարկմանը, որ ԵԱՏՄ-ի անդամ լինելը չի խոչընդոտում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ ունենալուն և համագործակցելուն, Գ. Մակարյանն այսպես պատասխանեց.

«Այո, մանավանդ, որ մենք հիմա Եվրամիության հետ բավական ընդարձակ համաձայնագիր կստորագրենք համագործակցության, ներկայումս էլ տարբեր ծրագրերով մենք համագործակցում ենք: Այնպես որ, դա մեզ առանձնապես չի խանգարում: Պրիմիտիվ մտածելակերպով կարելի է ասել՝ Ռուսաստանից գազ չկա, կբերենք Իրանից, բայց Իրանի գազատարն այդ հզորությունը չունի, պետք է կառուցվի, երկրորդ՝ ո՞վ ասաց, որ Ռուսաստանն Իրանի վրա չի ազդի, որ նա մեզ գազ չմատակարարի»:

Տնտեսագետը գտնում է, որ, եթե այս պահին մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով կտուժենք. «Որովհետև Ռուսաստանը նաև Հայաստանի հիմնական էներգակիրների մատակարարն է, դա լուրջ խնդիրներ կառաջացնի»:

Տեսանյութեր

Լրահոս