Արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ». Կարեն Կարապետյան
«Դուք՝ որպես կառավարություն, գնահատե՞լ եք ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանին այս հարցով դիմեց «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա հիշեցրեց, որ «Ելք» դաշինքը նախաձեռնել է քաղաքական կամք ձևավորելու նախագիծ Ազգային ժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու կապակցությամբ. «Այդ առիթով մեզ տարբեր իշխանական և ոչ իշխանական լրատվամիջոցներ հարց են ուղղում, թե՝ արդյոք գնահատե՞լ եք դուրս գալու տնտեսական ռիսկերը: Ես ուզում եմ Ձեզ ուղղել հակընդդեմ հարց՝ արդյոք դուք՝ որպես կառավարություն, գնահատե՞լ եք ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը: Հաշվի առնելով, որ մենք այսպես ջանասիրաբար մղվում ենք ԵԱՏՄ, ուզում եմ հասկանալ՝ արդյոք կառավարությունն ունի՞ սցենար, որի առկայության պարագայում՝ տնտեսական և քաղաքական, դուք կհամարեք, որ պետք է դադարեցնենք մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ մենք կսպասենք, որ ինքն իր սեփական մահով մահանա»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Իրականում մենք պատրաստ ենք ձեզ գրավոր հաշվարկներով, որոշակի մեր վերլուծություններով ներկայացնել: Թե ինչո՞վ է ԵԱՏՄ-ն լավ, դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են, ի՞նչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեինք, այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք մենք կորցնում ենք՝ լինելով ԵԱՏՄ ակումբի անդամ: Եթե կարող եք հուշել, խնդրեմ, սիրով կլսենք ու կքննարկենք: Ես այս պահին չգիտեմ այլ շուկաներ, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք: Արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ»:
Մ. Թանդիլյանն այսպես արձագանքեց Կ. Կարապետյանին. «Ինձ համար տարօրինակ է հնչում Ձեր կողմից արտաբերված այն միտքը, որ մենք ոչինչ չեն կորցրել, այսինքն՝ Դուք 500 միլիոնանոց Եվրոպական վճարունակ շուկան կորուստ չե՞ք համարում և հաշտվում եք այն իրավիճակի հետ, որ մեր արտադրանքը մրցունակ չէ: Կարծում եմ՝ մենք պետք է ներդրումներ բերեինք ու մեր արտադրանքը դարձնեինք մրցունակ, և ոչ թե՝ հաշտվենք այլ իրողության հետ: Ես լսում եմ, որ մենք չունենք ուրիշ այլ սցենար, և մենք պատրաստվում ենք խաչի պես կրել ԵԱՏՄ-ի անդամակցությունը»:
Վարչապետն ասաց, որ ինքը նման բան չի ասել. «Ես նման բա՞ն եմ ասել, որ այլ շուկաներում չունենք հետաքրքրություն, ավելին, ես ասում եմ՝ ԵՄ-ի շուկաներ մեր արտահանման աճի տոկոսն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ, դա նշանակո՞ւմ է, որ մենք այդ շուկան կորցրել ենք: Մենք պատրաստ ենք մյուս շաբաթ նստել և ձեզ հետ քննարկել այդ հարցը, եթե ունեք փաստարկներ»: