«Երեկվա կրակոցները ներքաղաքական ռազբորկա է». Նիկոլ Փաշինյան
«Երեկ Երևանում տեղի ունեցավ մի խայտառակ իրադարձություն և Երևանը ցնցվեց կրիմինալից: Շատերը հարց են տալիս, թե ինչու են այդ կրիմինալները զինված շրջում և իրավապահները չեն կանգնեցնում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կառավարության շենքից ոչ հեռու՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությանը:
Նա համոզված է, որ այդ ռազբորկաների մասնակիցները վերջին ընտրություններում մասնակցել են ընտրությունների կեղծմանը և իրենց զգում են ինչպես որ կա` ՀՀԿ-ի հենարան.
«Որևէ զարմանալու բան չկա մարդկանց համար, որ մարդասպանները կարող են ազատ շրջել: Մարտի 1-ի մարդասպանները ազատ շրջում են Երևանի փողոցներով և հայտնի չէ, թե նրանք նորից երբ կկրակեն: «Ծիտ» մականունով անձը, որ հետախուզվում էր կեղծ փաստաթղթերով գույք սեփականացնելու գործով, հետախուզեցին, հետախուզեցին, հայտնաբերեցին և ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխեցին, այլ տարան Երևանի ավագանի»:
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ երեկվա կրակողներն ուղղակի կամ առնվազն անուղղակի կապ ունեն Ալավերդու քաղաքապետի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություների հետ. «Դա ներքաղաքական ռազբորկա է»:
«Կրիմինալիզացիա և ՀՀԿ բառերը հոմանիշներ են»,- ասաց Ն. Փաշինյանը` առաջարկելով իրավապահներին ստուգել, թե այս մարդիկ ինչ կապ ունեն Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հետ:
Խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիով` սա երկրում տիրող մթնոլորտի հետևանքն է. «Իշխանության հետ չկապված և չհովանավորվող որևէ մեկը նման քայլ իրականացնել չէր կարող»: