Կորեայի Հանրապետությունը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
Հարավկորեացի զինվորականները երկու «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռ են արձակել ի պատասխան ԿԺԴՀ-ում կատարված հերթական փորձարկումների։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը:
«Արձակումները կատարվել են միջկորեական սահմանի արեւմտյան մասին հարող շրջանից՝ հյուսիսկորեական հրթիռի թռիչքից վեց րոպե անց»,- նշված է հաղորդագրության մեջ: «Հյոնմու-2»-ներից մեկը թռել է 250 կիլոմետր եւ խոցել Ճապոնական ծովում 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը:
Երկրորդ հարավկորեական հռթիռի արձակումը եղել է անհաջող, այն ընկել է ծովը թռիչքից շատ չանցած: Զինվորականները վերլուծում են դրա պատճառը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ պատասխան արձակումները կատարվել են այն պահին, մինչ հյուսիսկորեական հրթիռը տակավին գտնվում էր թռիչքում: «Դա վկայում է Հյուսիսի սադրանքներին Սեուլի անհապաղ պատասխանի հնարավորությունների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: