Մանրամասներ Լոռիում տեղի ունեցած 3 ծանր հանցագործությունների դեպքերի մասին. դրանք բացահայտված են
Երևանում երեկԼոռու մարզի երկու բնակչի նկատմամբ կատարված զինված հարձակման համատեքստում տարբեր լրատվամիջոցներ շրջանառում են 2015-2017 թթ. Լոռու մարզում տեղի ունեցած զինված հարձակման 3 դեպքերը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը և կարևորելով հանրության ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են դրանք՝ պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, քրեական գործերով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Այսպես՝
1. 2015 թվականի հոկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է։
Պարզվել է, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 20։30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Վ.Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա.Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները։ Վ.Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին՝ Ախթալա քաղաքի կամրջի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, Վ.Աբգարյանին սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. կրակոցները դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին։
Պարզվել է նաև, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենայում դեպքի պահին իրականում գտնվել է ոչ թե սեփականատերը, այլ՝ վերջինիս ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը, սակայն ուշ ժամ լինելու և ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով Վ. Անտոնյանը չէր նկատել, որ Վ.Աբգարյանը ավտոմեքենայի մեջ չէ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2016 թվականին ուղարկվել է դատարան:
2. 2016 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 4:30-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով մի երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մայիսի լույս 19-ի գիշերը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքներից Վարդան Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով, տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։ Ապա վերջինս տեղափոխվել է «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ էլ նույն թվականի մայիսի 21–ին՝ ժամը 2:30-ին, ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, նախաքննության տվյալներով, դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։
2016 թվականի մայիսի 23-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
3. 2017 թվականի հունիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ մահացել է։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի ուղղությամբ՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի կողմից։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ.Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։