Ինչով է զբաղվել Հայաստանի զարգացման հիմնադրամը վերջին 1 տարում
Հայաստանի զարգացման հիմնադրամն ստեղծվել է 2015 թվականին՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ։ Ինչպես նշվում է այս կառույցի կայքում, հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է՝ գլխավոր նպատակ ունենալով երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացումը:
Հայաստանի զարգացման հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև պետական մարմինների և գործարարների միջև համագործակցության, համատեղ նախագծերի իրագործման, օտարերկրյա ներդրողներին «Մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով սպասարկման ու հետներդրումային ծառայությունների մատուցման ուղղությամբ:
2017 թվականի մայիսի 6-ին հիմնադրամի ղեկավարությունը փոխվեց։
ՀԶՀ հոգաբարձուների խորհուրդը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քննարկեց և միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:
Ավակյանը 2016 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ վարչապետի խորհրդականն էր, իսկ մինչ այդ՝ «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով և ռեգիոնալ տնօրենը։
Վերջին 1 տարվա ընթացքում կադրային փոփոխություններից բացի ՀԶՀ-ում տեղի են ունեցել նաև կառուցվածքային փոփոխություններ. հաստատվել է ՀԶՀ-ի նոր կառուցվածք, սահմանվել նոր գործառույթներ։
Հայաստանի զարգացման հիմնադրամը նաև հաշվետվություն է ներկայացրել՝ վերջին 1 տարվա ընթացքում իր գործունեության արդյունքների մասին.
- Հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար և ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր և 4 պայմանագիր՝ այդ թվում 1 էքսկլյուզիվ: Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և սկզբնական փուլում արտահանել 500 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, որի առաջին առաքումը կայացել է մայիս ամսին։
- Կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների, որոնց արդյունքում կնքվել են 86 պայմանագիր՝ 3,469 մլրդ դրամի (7,2 մլն ԱՄՆ դոլարի) ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ կանխատեսվում է մինչ տարվա վերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր։
- Գործարկվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ՝ investmentprojects.am կայքը, որտեղ զետեղվել են ՀԶՀ կողմից հավաքագրված շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 30 ներդրումային ծրագրեր։ Խմբագրվել և քննարկման են ներկայացվել տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, արտադրության, անշարժ գույքի, առողջապահության և արդյունաբերության ոլորտների թվով 40 ծրագրեր:
- Կազմակերպվել է «Ձևափոխի՛ր» մրցույթը, որի առաջին փուլի արդյունքում ներկայացվել են երկրի զբոսաշրջային վայրերի ձևափոխման ու տուրիզմի զարգացման 60 նախագծեր։
- Ընդլայնվել է ՀԶՀ-ում գործող «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվող ծառայությունները։ 2017թ-ին ՀԶՀ-ն սպասարկում է շուրջ 600 ընկերություն, որոնցից 350՝ արտահանող, իսկ 250՝ ներդրող։ Հավաքագրվել և կազմվել է ՀՀ-ում առկա 260-ից ավել ՕՈՒՆ ընկերությունների տվյալների բազա, որոնցից 80 ՕՈՒՆ ընկերությունների հետ տեղի են ունեցել հանդիպումներ։
- Հիմնադրամը ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում են 9 ներկայացուցիչ և մինչ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի։ Ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում քննարկվում են ներդրումային և արտահանման ծրագրեր։