
Խոսրովի անտառում հրդեհից Կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն տուժել. Մասնագետները հուսով են, որ անտառն ինքնուրույն կվերականգնվի

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհից մեկ ամիս անց ամերիկացի մասնագետները ուսումնասիրություն են սկսել տարածքում` պարզելու անտառի վիճակը հրդեհից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհ հետեւանքով ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր չեն տուժել: «Արգելոցի հրդեհից բուսական աշխարհից հիմնականում տուժել է գիհի ծառատեսակը, կենդանական աշխարհից խոշոր կաթնասունների շրջանում վնասներ չունենք: Հրդեհի հետեւանքով տուժել են հիմնականում սողուններն ու միջատները»,- ասաց նա:
Արմեն Վարդանյանի խոսքով` այրված տարածքներում չեն հայտնաբերվել նաև Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում գրանցված սև անգղի բնադրավայրեր: «Սև անգղը հիմնականում բնադրվում է գիհի ծառատեսակի վրա: Խոսրովի անտառում կոնկրետ գիտեն որ հատվածներում և որ ծառերի վրա է սեւ անգղի բնադրավայրերը: Անտառի վնասված հատվածում սև անգղի բույն չկա, արգելոցի չայրված հատվածներում էլ գիհին լիարժեք պահպանված է»,- ասաց նա:
Անտառի վերականգնման ժամկետների հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը բացառեց մարդու ցանկացած ներգործություն թեկուզ դրական իմաստով: «Անտառը պետք է իր բնական ընթացքով վերականգնվի: Վերականգնման ժամկետների և ծավալների մասին վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ մեկ տարի հետո՝ գարնանը: Ներկայում անտառում կան այրվածքներ ստացած ծառեր, որոնց կենսունակությունը հնարավոր կլինի պարզել միայն դրանք ծաղկելուց հետո»,- ասաց նա:
Խոսրովի արգելոցից հրդեհի հետևանքով այլ վայրեր տեղափոխված կենդանիների հարցը ևս լուծված է: Նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որսն արգելված է: