«Շատ լավ կլիներ, եթե «Ադրբեջանի լվացքատան» արդյունքում Ալիևին պարտադրեն կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց դրա նախանշաններ չկան». Ալեքսանդր Սկակով
Հարզազրույց ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ
– Պարոն Սկակով, Ադրբեջանի շուրջ հերթական միջազգային սկանդալն է զարգանում, «Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հետաքննություն է իրականացվում։ Ալիևն ամեն ինչի համար մեղադրել է բրիտանական հետախուզությանը: Ձեր կարծիքով՝ ո՞ւմ է հարկավոր Ադրբեջանի «սանձահարումը», և Բաքուն կարո՞ղ է կրկին «չոր դուրս գալ այս ջրից»:
– Ես չեմ կարծում, որ այժմ իրավիճակը Բաքվի համար ճգնաժամային է։ Այսինքն՝ իրականում չկան այնպիսի նախանշաններ, որ Ադրբեջանի հանդեպ ճնշումները կուժեղանան։ Անկեղծորեն ասած՝ այժմ Ադրբեջանը ոչ մեկին չի հետաքրքրում։ Բաքվի նկատմամբ ճնշում միշտ է եղել և կշարունակվի, դա անխուսափելի է։ Դրա համար Բաքուն պատճառներ միշտ է տալիս, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումները։ Էլ չեմ խոսում Ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին։ Այսինքն, կրկնեմ, Ադրբեջանի վրա այդ ճնշումը միշտ եղել է և կլինի՝ ուղղակի որպես ազդեցության լծակ։ Եվ վերջ։
– Ամերիկյան սենատոր Դիք Դուրբինն այսօր Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ։ Արդյոք ԱՄՆ-ը կգնա՞ այդ քայլին՝ պատժամիջոցներ սահմանի և սառեցնի արևմտյան բանկերում Ալիևի միլիարդները։
– Ես չեմ կարծում, որ այդ մասին հիմա կարող է խոսք լինել, կամ, որ դա այժմ ակտուալ է։ Այսինքն՝ նման առաջարկություններ կարող են հնչել, քննարկվել, սակայն տվյալ դեպքում՝ ոչ մի սենատորի կարծիք ամերիկյան վարչակազմի կամ Թրամփի կարծիքը չէ։ Եվ ես չեմ կարծում, որ այդ տարբերակը կիրականացվի։ Ամեն դեպքում՝ գոնե առայժմ։
– Այսինքն՝ ամերիկյան կողմը որևէ քայլ չի՞ նախաձեռնի այս սկանդալի հետ կապված։
– Կարծում եմ, որ որևէ էքստրավագանտ քայլ պետք չէ սպասել։
– Բայց գոնե կարելի՞ է հուսալ, որ այս «լվացքատան» արդյունքում Ալիևին կպարտադրեն կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը։
– Դա, իհարկե, շատ լավ կլիներ, բայց ես դեռևս նախանշաններ չեմ տեսնում, որոնք կհուշեին այդ մասին։ Այստեղ պետք է լինի միջազգային խոշորագույն խաղացողների միասնական դիրքորոշում, իսկ դա մանանա չէ և երկնքից չի ընկնում, ու նման հարցերը միանգամից չեն որոշվում։ Այսինքն՝ այստեղ անհրաժեշտ է լրջագույն աշխատանք, որ կնախորդի այդ ճնշմանը։
– Բայց Ալիևն ինքն էր հայտարարել, որ իրեն պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։
– Աստված գիտի, թե էլ ինչեր է հայտարարել Ալիևը։ Բայց չէ՞ որ նա չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը։ Հասկանալի է, որ կարող է ինչ-որ ակնարկներ եղած լինեն, օրինակ՝ եթե նա փոխզիջման գնա կարգավորման Կազանյան տարբերակով, ապա հնարավոր է՝ տնտեսական համագործակցության ինչ-որ նախագծեր իրականացվեն, կամ ֆինանսավորման ռեսուրսներ հատկացվեն Ադրբեջանին, և այլն։
Այդպիսի խոստումներ մշտապես տրվում են։ Բայց եթե Ալիևը դրանց ամբողջությամբ չի հավատում, կարծում եմ՝ ճիշտ է անում։ Խոստումները, ինչպես և սպառնալիքները, ոչ միշտ են իրականություն դառնում։
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման մասին՝ հայտարարել է, որ հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը: Արդյո՞ք Ռուսաստանը, հետևելով պուտինյան տրամաբանությանը, ինքը որոշի փոխել իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում։
– Ես կարծում եմ, որ ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին այնքան էլ արդյունավետ չեն եղել Ռուսաստանի կողմից։ Դա եղել է սխալ քաղաքականություն։ Մյուս կողմից՝ սպառազինության մատակարարումների մասին պայմանագրերն արդեն կան, և այնքան էլ հեշտ չէ դրանք խզելը։ Հայտնի է, որ սպառազինության մատակարարումների մասին պայմանագրերը միակողմանի լուծելու դեպքում անխուսափելի են պատժամիջոցները, մասնավորապես՝ տույժերն ու տուգանքները։ Այդ պատճառով խնդիրն այն է, որ չլինեն նոր պայմանագրեր, և դրանց հիման վրա չլինեն նոր մատակարարումներ։ Եվ այստեղ ամենաօպտիմալը կլիներ այն, որ ինչ-որ մեկը մորատորիում սահմաներ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջան զենքի մատակարարումների վրա՝ Ռուսաստանի, Իսրայելի, Թուրքիայի կամ որևէ այլ պետության կողմից, որովհետև այս տարածաշրջանը գերծանրաբեռնված է տարբեր տեսակի սպառազինություններով։
– Սեպտեմբերի վերջին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը, եթե, իհարկե, այն կայանա։ Ներկայիս իրավիճակում հնարավո՞ր է որևէ փոփոխություն։
– Ոչ, ոչ մի փոփոխություն էլ չի լինի, քանի որ դա հերթական հերթապահ հանդիպումն է։ Ինչպես ոչինչ չէր կարելի սպասել նախորդ հանդիպումներից, այնպես էլ ոչինչ չի կարելի ակնկալել այս մեկից։ Որևէ նախանշան, որ ինչ-որ բեկում, ինչ-որ ճեղքում կլինի, ներկայումս չի երևում։
– Այդ դեպքում տարեվերջին նախագահների հանդիպման մասին իմաստ ունի՞ խոսելը։
– Կարծում եմ՝ նախագահների հանդիպումն ամեն դեպքում կկայանա, քանի որ այդպիսի հանդիպումները նույնպես Բաքվի վրա ճնշում գործադրելու ինչ-որ ձև են։ Եվ Բաքուն չի կարող միանշանակ հրաժարվել դրանցից, նա այժմ այդքան ուժ չունի, և դա նրա շահերից չի բխում։ Խնդիրն այն է, թե ե՞րբ կկայանա նախագահների հանդիպում։ Բայց այս դեպքում էլ այդ հանդիպումից որևէ դրական տեղաշարժ ակնկալել նույնպես չի կարելի։



